Այսուհետ օրենքով բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությունն այլևս գաղտնիք չի լինի։ Բանն այն է, որ Ազգային Ժողովը փետրվարի 27-ին 64 կողմ 31 դեմ ձայնով ընդունեց մի նախագիծ, որով ՀՀ բոլոր անձանց բանկային տվյալները լինելու են բաց և հասանելի։
Նախկինում համաձայն ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքի Հոդված 4-ի՝ Բանկային գաղտնիք է համարվում՝ բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները և այլն։
Առաջ բանկային գաղտնիքը հասանելի էր դառնում միայն դատարանի որոշմամբ, միայն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին։
Հոդված 10 1. Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
Այժմ չկա նման կարգավորում։ ՊԵԿ-ը բոլոր քաղաքացիներից պահանաջելու է ներկայացնել բանկային քաղվածք մուտքերի և ելքերի մասին։
Ըստ ՀՀ Պեկ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ հարկային վարչարարությունը առավել արդյունավետ իրականացնելու համար հնարավորինս լայն տեղեկությունների շրջանակ է անհրաժեշտ մեկտեղել։
Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ սա արվում է վերահսկողություն ունենալու համար։ Օրենքի նման նախագծի նպատակը 2025 թվականից հայտարարատու անձանց ներկայացրած ֆինանսական միջոցները վերահսկելու և դրանց ճշգրտությունը ստուգելու համար է։ ՊԵԿ-ն անհրաժեշտության դեպքում նույնիսկ 10 դրամի համար կարող է վարույթ հարուցել քաղաքացու վրա։
Ստացվում է, որ երբեմնի գաղտնիք համարվող բանկային տվյալներն այսուհետ կլինեն բաց և թափանցիկ։
ԱԺ-ի կողմից ընդունված նախագծում նշված է, որ հարցումները, որոնց միջոցով ՊԵԿ-ը պահանջելու է բանկային քաղվածք, իրականացվելու է հարկային հսկողության շրջանակներում, սակայն քաղաքացու առաջ որոշ պահանջներ դնելով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան