Ռուսաստանի Գերագույն դատարանը վերջնականապես մերժել է Նադեժդինի գրանցումը՝ որպես ընտրությունների թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանը մերժել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինի գանգատը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը՝ նրան չգրանցել որպես ՌԴ նախագահի թեկնածու։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»-ից։

«Բողոքարկման խորհրդի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թ. փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, վճռափոխության գանգատը չի բավարարվել», – ասել է դատարանի ներկայացուցիչը։

Գերագույն դատարանի առաջին ատյանում Նադեժդինը վիճարկել էր Ռուսաստանի ԿԸՀ-ի 2024 թ. փետրվարի 8-ի որոշումը «Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար Բորիս Բորիսի Նադեժդինի թեկնածության գրանցումը մերժելու մասին»։ Ինչպես և առաջին ատյանում, Նադեժդինը դատարանին խնդրել էր բեկանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և հանձնաժողովին պարտավորեցնել գրանցել իրեն:

«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված Նադեժդինը 2024 թ. հունվարի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել փաստաթղթեր և իրեն սատարող ընտրողների ստորագրություններ։ Նա հայտնել էր, որ ԿԸՀ է ներկայացրել 105 հազար ստորագրություն, որ ի պաշտպանություն իրեն հավաքվել է Ռուսաստանի տարածքում։ Ստուգման արդյունքում Նադեժդինի կողմից ներկայացված ստորագրությունների 15 %-ից ավելին անվավեր է ճանաչվել։

Դատարանում Նադեժդինի ներկայացուցիչները, մասնավորապես, մատնանշել են ՆԳ նախարարության տվյալների բազայում առկա սխալները, անվավեր ստորագրությունների և հանձնաժողովի արձանագրության մեջ նշված ստորագրությունների միջև անհամապատասխանությունը, ինչպես նաև ընթացակարգային խախտումները, որոնք, հայցվորի կարծիքով, թույլ են տրվել ստորագրությունների ստուգման ընթացքում։

Թեկնածուի առաջադրմանն աջակցելու համար քաղաքական կուսակցությունը (բացառությամբ խորհրդարանականների) պարտավոր է ներկայացնել ընտրողների ոչ պակաս, քան 100 հազար և ոչ ավելի, քան 105 հազար ստորագրություն, ընդ որում՝ յուրաքանչյուր մարզից ոչ ավելի, քան 2500 ստորագրություն։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 15-17-ը։




Լրահոս