Այսօր ադրբեջանական կողմը կադրեր էր հրապարակել, թե ինչպես են բռնազավթված Արցախում քանդում Ազգային ժողովի շենքը, որը Արցախի Հանրապետության պետականության խորհրդանիշն է համարվում:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, անդրադառնալով Ադրբեջանի այս բարբարոսական քայլին, նշում է՝ Արցախի խորհրդարանի շենքը քանդելը ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումն է:
«Իրենք նույնիսկ էթնիկ զտումից հետո շարունակում են պայքարել արցախցիների ու Արցախի հայկականության դեմ:
Արցախի խորհրդարանն, իհարկե, խորհրդանիշներից է, բայց սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը նման բան է անում:
Պատերազմի ժամանակ էլ, երբ տարածքներ էին գրավում, այդ տեղից սկսում էին հայկական հետքը ջնջել: Սա նոր ոճ չէ, Նախիջեւանը բոլորիս օրինակ, որտեղից արմատախիլ է արվել հայկական հետքը:
Նույն քաղաքականությունը հիմա Արցախի նկատմամբ են վարում, իսկ թիրախում մշակութային, հոգեւոր կենտրոններն են եւ պետականությունը խորհրդանշող կառույցները»,-ասաց Հարությունյանը:
Արցախի պատգամավորը նկատում է՝ Ադրբեջանը մի կողմից փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե իրենք որեւէ խնդիր չունեն, արցախցիները կարող են հանգիստ վերադառնալ իրենց բնակավայրեր, բայց մյուս կողմից նման քայլերով հանրության մեջ արմատավորում են այն միտքը, որ հետվերադարձի ճանապարհ չկա, անհնար է համակեցությունը:
Քրիստինա Մուշեղյան