ՀՅԴ-ԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարությանն է ներկայացրել Լիլիթ Գալստյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզան Առաքելյանի եւ Արա Նռանյանի` «Նվազագույն ամսական աշխատավարձի» եւ «Եկամտահարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը հաստատել ամեն տարվա բյուջեով: Ըստ նախագծի` միջին աշխատավարձը պետք է լինի տվյալ տարվա առաջին եռամսյակի միջին աշխատավարձի 50 տոկոսից ոչ պակաս, ոչ պակաս կենսաապահովման նվազագույն բյուջեից (մոտ 42 հազար դրամ) եւ ոչ պակաս աճ ունենա, քան գնաճը: Ինչ վերաբերում է քաղծառայության համակարգի բազային աշխատավարձին, ապա 120 տոկոսի չափով: Իսկ «Եկամտահարկի մասին» օրենքում ՀՅԴ-ն առաջարկում է ամրագրել, որ նվազագույն աշխատավարձը չի հարկվելու: Կառավարությունը, որը, բնականաբար, մերժել է նախագիծը` պատճառաբանելով, որ դա լրացուցիչ ֆինանսական միջոցների բեռ է առաջացնելու, ներկայացրել է  հերթական ֆանտաստիկ թիվը, որն այս անգամ անցել է 160 միլիարդ դրամը: Ընդ որում, ամեն տարի կառավարությունը համանման նախագծերի ժամանակ տարբեր թվեր է ներկայացնում: Օրինակ` «Ժառանգության»` նվազագույն աշխատավարձի մասին օրենքը մերժելիս նախորդ տարի նշվում էր 100 միլիարդը: Նշենք նաեւ, որ ի պատասխան ՀՅԴ-ի առաջարկի` բարձրացնել աշխատավարձերի ներքին շեմը` կառավարությունը պատճառաբանել է, թե դա անելու համար պետք է բարձրացնել վերին շեմը: Իսկ դաշնակցականներն էլ ԱԺ սոցիալական հանձնաժողովում հայտարարել են, որ իրենց նպատակն է նվազեցնել երկրում աղքատների եւ հարուստների տարբերությունը, հետեւաբար պետք է բարձրացնել ներքեւի շեմը: Մի խոսքով, համաձայնության չեն եկել:




Լրահոս