
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ի ալիքում հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսով քննարկել է մարտադաշտում տիրող իրավիճակը և ուկրաինական զորքերի գործողությունները։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Մենք քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը և Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունները», – ասվում է Երմակի հայտարարության մեջ։
Նա նաև ասել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացման անհրաժեշտությունը «չափազանց հրատապ է մնում»։
Նրա խոսքով՝ Սալիվանը վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը շարունակում է երկխոսությունը կոնգրեսականների հետ՝ Կիևին որքան հնարավոր է շուտ ֆինանսական օգնություն հատկացնելու շուրջ համաձայնության հասնելու համար։