Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր մարզ է․ Ճապոնիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

Ռ․Ղուկասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունել նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։

Մարզպետը նշել է, որ Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ արդյունավետ աշխատանք կա, ու շնորհակալություն է հայտնել մարզում իրականացված ծրագրերի և ներդրումների համար։

Դեսպանն ասել է, որ Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր մարզ է։ Բարձրաստիճան դիվանագետը փոխանցել է նաև, որ իր առաքելությունն է շարունակել ամրացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները, և ինքը շատ է ուզում, որ ճապոնացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու հայերին։

Նշվել է, որ դրա իրագործման համար լավ սկիզբ կարող է լինել երկկողմ զբոսաշրջության զարգացումը։

Կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել ու քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն ուղղված ծրագրերի (որոնցում դեսպանատունը ներդրում ունի), տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևորության մասին։




Լրահոս