ՊԵՏՔ ՉԷ ՊՈԿԵԼ ԿԱՐԱՊՆԵՐԻ ԹԵՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 1861 թվականին ճորտատիրությունը վերացրած Ալեքսանդր Երկրորդին զեկուցում են, որ դրանից հետո  Ղրիմից բոլոր կարապները չվում են, եւ հարցնում`«թեւերը պոկե՞նք», Ալեքսանդր Ռոմանովը պատասխանում է. «Թեւերը պետք չէ պոկել, պետք էր նրանց լավ կերակրել»:
Սա որպես բնաբան` երեկ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի:
Նշենք, որ երկարատեւ «տվայտանքներից» հետո կառավարության կողմից ԱԺ ներկայացվեց «Հայրենադարձության մասին» օրինագիծը: Ընդհանուր գծերով այն գրեթե սփյուռքի նախարարության «Արի տուն»-ի օրենսդրական տարբերակն է: Ինչպես հուշում է նախագծի վերնագիրը`  հայրենադարձության  խթանումը նախատեսված  է  մի շարք արտոնությունների տեսքով: Փաթեթի ընդունման դեպքում հայրենադարձները կմասնակցեն հայոց լեզվի ուսուցման եւ մասնագիտական որակավորման կամ վերաորակավորման անվճար դասընթացների, երիտասարդ, անապահով ընտանիքներին կտրվեն հատուկ նպաստներ, սահմանամերձ համայնքներում կհատկացվեն անհատույց հողամասեր եւ այլն, եւ այլն: Բոլոր այս «երկնային մանանաներից» բացի,  պետք է սահմանվի  հայրենադարձների իրավական կարգավիճակը: Ի դեպ, նմանատիպ մի բան կարդացել էինք  նախարարության պաշտոնական կայքում. «Անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան կտեղափոխվեն 3.500 արեւմտահայեր» («Հայաստան-3.500» նախաձեռնող խումբը), ինչը կայքից վերացվեց խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի զգուշացումից հետո:  
Չնայած  «լուրջ քաղաքական բովանդակություն ունեցող» որակված այս նախագծի երբեմն զավեշտի հասնող տարրերին, կա տպավորություն, որ նույնիսկ ՀՀ իշխանություններին է սկսել մտահոգել Հայաստանից արտագաղթը: «Ժողովուրդ»-ը, հղում անելով իր որոշ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ի եւ արտաքին գործերի նախարարության խողովակներով փորձեր են արվում Հայաստան վերադարձնել Եվրոպա եւ Ռուսաստան գաղթած մեր հայրենակիցներին: Չի բացառվում, որ Շարլ Ազնավուրի` արտասվելու  աստիճան տխուր բառերից հետո («…Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞։ Հազարավոր դժբախտ մարդիկ տարածվելու են աշխարհով մեկ…») Հանրային խորհրդում հավաքված որոշ ավագ սերնդի  մտավորականներ գուցե անկեղծորեն Սերժ Սարգսյանին խորհուրդ են տալիս-զգուշացնում` կասեցնել երկրի  հայաթափումը:
Կարծում ենք` ամենապարզամիտ մարդը հանձն չի առնի պնդել, որ արտագաղթը  հնարավոր է կասեցնել կամ հայրենադարձությունը խթանել որեւէ  օրենքով:  ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` արտագաղթը կասեցնելու համար ժողովրդին պետք է կերակրել, աշխատանք տալ եւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդը երկրում իր եւ իր երեխայի համար հեռանկարներ տեսնի: «Հայրենադարձության ծրագրի» մասին առաջիններից մեկն ահազանգած Ժիրայր Սէֆիլյանն էլ կարծիք հայտնեց, որ այս վարչախմբի օրոք անգամ անկեղծ ցանկության դեպքում ոչ մի ծրագրով հնարավոր չի լինի կասեցնել արտագաղթը: Այս առնչությամբ նա հիշեց իրաքահայությանը` մոտ  չորս հազար մարդ, որ  ներգաղթեց Հայաստան, բայց բոլորն էլ այս տարիների ընթացքում հեռացան, իսկ մնացողներն էլ «սպասում են,  որ պիտի եւս մեկնեն երկրից»:
Գուրգեն Եղիազարյանն առհասարակ զավեշտ է համարում նման ծրագրերը. «Մի կողմից ծրագիր ենք մշակում, որ հայերին հետ բերենք, մյուս կողմից էլ ՌԴ հետ պայմանագիր ենք կնքում ու «Հայրենակիցներ» ծրագրով մերոնց ուղարկում ենք Ալթայի երկրամաս: Սկզբից հայաթափում ենք Հայաստանը, հետո ծրագրեր ենք մշակում, որ մարդկանց հե՞տ բերենք: Չուղարկենք, հետ բերելու կարիք էլ չի լինի»: Գուրգեն Եղիազարյանը նաեւ հեռակա կարգով հարցնում է սփյուռքի նախարարին. «Ինչո՞ւ Հրանուշ Հակոբյանը ծրագրեր մշակելուց առաջ մի հատ Տիգրան Սարգսյանին չհարցրեց` «էս ինչե՞ր ես ասում»: Խոսքը վարչապետի կողմից հետագայում կատակ որակված այն արտահայտության մասին է, թե թողնենք, որ կրիտիկական մասը մնա, հեղափոխությո՞ւն անի»:
Հ.Գ. Որպես երկրորդ կողմ` լսեցինք նաեւ նախագծին` մեծ օրակարգի ուղեգրով դրական եզրակացություն տված ԱԺ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: ՀՀԿ-ական պատգամավորը հարցն այսպես դրեց. վերը նշվածն այլ հարթության վրա է, քան «Հայրենադարձության մասին» օրենքի գաղափարը, որը բնական է սփյուռք ունեցող ցանկացած ժողովրդի համար, որ այս կամ այն պատճառով գաղթի ճանապարհը բռնած հայը պետք է վերադառնա իր պատմական հայրենիք: «Բնական չէ՞, որ դրա համար պետք է օրենք ունենալ. խոսքը սրա մասին է»,-պարզաբանում է պատգամավորը:
Բայց մենք էլ ասում ենք` իսկ բնական չէ՞, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն երկրում, որ մարդիկ չբռնեն հայրենիքից գաղթի ճանապարհը: Անշուշտ, հասկանում ենք, որ Արտակ  Դավթյանին  ուղղված այս հարցը, մեծ հաշվով, հասցեական չէ:

 ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս