Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածը:
Մարտունու շրջանի բնակիչները դժգոհում են գյուղական արտադրանքի, մասնավորապես՝ կարտոֆիլի և կաղամբի իրացման խնդիրներից։
«Առջևում ամառ ա, ապրանքը սկսել ա փչանալ: Համայնքապետարանից պահանջում ենք ինչ-որ քայլեր ձեռնարկեն ապրանքը իրացնելու համար, եթե մի քիչ էլ սենց մնա ,սաղ ապրանքը կփչանա ,կթափենք»,-ասում է Մարտունիի բնակիչներից մեկը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի հետ` իրավիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով.
«Մեր համայնքի ղեկավարը մարզպետի հետ դիմել է կառավարության անդամների, այդ հարցով աշխատանքներ են տանում, որ մթերում կազմակերպվի, թե ինչ պատասխան կլինի, դեռ պարզ չէ, սպասում ենք պատասխանի»:
Նրա խոսքով՝ հավաքը մի քանի րոպե է եղել, որից հետո ճանապարհը բացվել է:
«Մարդկանց բացատրել ենք, որ այդ հարցով զբաղվում ենք, նախարարության հետ պայմանավորվել ենք, որ այդ հարցին լուծում տան»,-ասաց վարչական ղեկավարը:
ArmLur.am-ը համայնքապետի հետ զրույցից հետո կապ հաստատեց մեկ այլ բնակչի հետ, ով մասնակցել է հավաքին, ով էլ ասաց. «ոնց որ մեզ են խաբում, տենց էլ ձեզ են խաբում: Միտինգը 3-4 ժամ ա տևել, ի՞նչ րոպե»:
Էմմա Մարտիրոսյան