
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ գումար չի նվիրաբերում երկրի նախագահի թեկնածուներից ոչ մեկին։ Ձեռնարկատերը համապատասխան գրառումը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Իրավիճակը պարզաբանելու համար ասեմ՝ ես գումար չեմ նվիրաբերում նախագահի թեկնածուներից ոչ մեկին»,- ընդգծել է միլիարդատերը։
Մինչ այս Bloomberg-ը, վկայակոչելով տարբեր աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ։ Լրագրողների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին։
Նյութում նշվում էր, որ հանդիպումը կազմակերպվել է այն ժամանակ, երբ երկրի նախկին ղեկավարը փորձում է դոնորներ ներգրավել իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար։ Այլ մանրամասներ, սակայն, չեն նշվել։