Ինչո՞ւ են Փաշինյանն ու Սէֆիլյանը խանգարում 4 ուժերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «հրաշալի քառյակ» անվանեց, այնուամենայնիվ, զարգացումները ցույց են տալիս, որ այնքան էլ հրաշալի չեն, որքան թվում են: Նրանք արդեն սկսել են խոչընդոտել իրենց խոստացած համախմբման գործընթացին:

Եվ այսպես. դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ահա թե ինչ է ասել «168 ժամ»-ի հետ զրույցում: «Եթե Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի «Քաղաքացիական պայմանագիրը», Ժիրայր Սէֆիլյանը պետք է ելույթ ունենա՝ որպես «Նախախորհրդարանի» ներկայացուցիչ, ապա դա կարող է մի կողմից` անհասկանալի տպավորություն ձևավորել հասարակական-քաղաքական, ինչպես նաև արտախորհրդարանական այլ ուժերի կողմից ելույթներ չունենալու հարցում, մյուս կողմից` խոցելի կդարձնի շարժումը: Ամենևին ցանկալի չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրի և արտախորհրդարանական քաղաքական պրոյեկտների միջև քաղաքական պայքարի ձևի և բովանդակության շուրջ տարակարծությունը նպաստի «Դեմ եմ»-ի թուլացմանը»:

Այսպիսով՝ 4 հրաշալիներից առնվազն մեկի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը կարող են կազմաքանդել ԴԵՄ ԵՄ-ը, թուլացնել: Ասել է թե՝ քառյակը հասարակական համախմբում ասելով նկատի ունի իրենց սիրելի, հատընտիր մարդկանց, այլ ոչ թե իրական կոնսոլիդացիա, ինչի մասին խոսում էր Գագիկ Ծառուկյանը: Նրանք կասկածի տա՞կ են առնում Փաշինյանի ու Սէֆիլյանի ազնվություն և նվիրվածությունը մեր երկրին, իշխանությունների դեմ պայքարին:

Այնուամենայնիվ, հետաքրքիր է ինչո՞ւ Փաշինյանին չեն վստահում. արդյո՞ք որեւէ մեկը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է համախմբված հասարակությանը թողնել փողոցում և գնալ՝ աղոթելու՝ ինչպես Ր. Հովհաննիսյանը: Թե՞ հնարավոր է, որ նա իր հարազատ «Քաղաքացիական պայմանագրից» որևէ մեկին դեսպան նշանակել տա, բայց շարունակի պայքարել Սարգսյանների դեմ, ինչպես դաշնակցությունն է անում: Արդյո՞ք կա մեկը, ով պատկերացնում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մի ոտքով Սերժ Սարգսյանի կենացը խմել հոտնկայս, իսկ մյուս ոտքով հանդիպել ընդդիմադիրներին: Սա էլ Ծառուկյանի «փեշակն» է: Դե իսկ ՀԱԿ-ը այս ուժերի հետ միավորվելով արդեն ցույց է տալիս իր սկզբունքայնությունն ու հետևողականությունը՝ գոնե մարտի մեկի դեպքերի բացահայտման մասով:

Այստեղից մեկ հետևություն կարելի է անել. Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը խանգարում են գծագրված ծրագրերին: Մնում է կռահել, թե որոնք են դրանք:

Sefilyan0




Լրահոս