Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։
ArmLur.am-ը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, հասկանալու համար, թե ինչու է Ադրբեջանը ոչնչացնում գերեզմանները ու դրանց մասին վկայությունները։
Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը իր հստակ, ծրագրավորված քաղաքականությունն է վարում, որը որևէ կերպ այս տարիների ընթացքում չի փոխվել և ավելին՝ 30 տարի շարունակ իրենք ձգտել են դա անել, բայց այդ 30 տարիների ընթացքում դրա հնարավորությունը չունենալով, հիմա բացառիկ հնարավորություն ունեն դա անելու։
«Նպատակը պարզ, հասկանալի ու մեկն է՝ շտապում է Ադրբեջանը, որովհետև հասկանում է, որ եթե հիմա փառքի ուժով ինքը Արցախում է և, ըստ էության, ոչ թե գրավել է, այլ օկուպացրել է Արցախը, այս անգամ արդեն առանց հայերի՝ ամեն ինչ անելով, որ բռնի տեղահանումը արդեն տեղի ունենա, այնպես ինչպես իրենք ծրագրել էին և ցավոք իրենք կարողացան անել, հիմա արդեն հասկանում են, որ ամեն դեպքում իրավունքի ուժով ամեն ինչ ավարտված չէ»,- ասաց Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանը խոսքում նաև նշեց, որ իշխանությունները հավերժ չեն և կգա ժամանակ, որ կլինեն հաստատ ազգային ուժեր և այդ ժամանակ պայքարը այլ ընթացք է ստանալու և քանի որ այսօր զրկված ենք միջազգային ատյաններում ներկայանալուց՝ կապված մեր մշակութային ժառանգության վերացման և գերեզմանների քանդման վանդալիզմի հետ, Ադրբեջանը կարճ ժամանակում փորձում է վերացնել ամենը։
«Հետևաբար իրենք ժամանակի խնդիր ունեն և արագ պետք է այդ ընթացքում քանդեն, իրենց խանգարող չկա, այդ մասին աղմուկ աղաղակ հանող չկա պատկան մարմիններից։ Ուստի իրենք անում են, որպեսզի ժամանակին այն իշխանությունները, որոնք կփորձեն կամ այդ հարցը կբարձրացնեն, այլևս կամ շատ քիչ հնարավորություն կլինի կամ ընդհանրապես չի լինի։ Դրանով պայմանավորված նրանք շտապում են և անում են հայկականության հետքը վերացնելով, որովհետև ամեն դեպքում դա շատ դժվար է անելը, որովհետև Արցախն ինքը դարեր շարունակ հայկական է եղել և երբևէ չի հայաթափվել»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորը հավելում է, որ այդ հնարավորությունը իրենց հիմա տրվել է և այս պահին այդ խաչքարերը, գերեզմաններն ու դրանց մասին վկայությունները միակ ապացույցներն են, որ կան Արցախի հայկականության վերաբերյալ։
«Այս պահին աշխարհը շատ լավ հասկանում է, և ինչը, որ անում է Ադրբեջանը, մարտահրավեր է աշխարհին, որովհետև ամեն դեպքում հավաքական Արևմուտքը հիմնված է համամարդկային արժեքների, ժողովրդավարության վրա և իրենց հիմքերը խարխլվում են նաև սրանով»,- ասաց պատգամավորը՝ ավարտելով զրույցը։
Աննա Սրապիոնյան