Արարատ Միրզոյանը դիվանագիտական հարաբերությունների էությունը չի պատկերացնում․ Էդգար Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին»:

Այս մասին Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ նպատակով կարող էին դուրս բերվել ռուսական սահմանապահները։

«Իսկ ասե՞լ է, թե հայկական կողմը երբվանից է այդ կարողությունը ձեռք բերել և ինչ իրադարձություն է եղել, որ այդ կարողությունը ձեռք է բերել։ Օրինակ՝ մինչև հիմա անցած տարվա մարտ ամսից սահմանափակ ծառայության պետի պաշտոնը թափուր է։ Գիտի՞ Արարատ Միրզոյանը այդ մասին, ի՞նչ է եղել, որ իրենք կարողություններ են ձեռք բերել, որ անցած տարի չունեին, վեց ամիս առաջ չունեին, հիմա արդեն այդ կարողությունները ձեռք են բերել։ Ի՞նչ է տեղի ունեցել, պարզաբանե՞լ է Արարատ Միրզոյանը։ Ոչ մի այդպիսի բան էլ տեղի չի ունեցել, ընդամենը իրենք քաղաքական որոշում են կայացրել Հայաստանում կայացնել հակառուսական ագրեսիվ, վտանգավոր, մեր երկրի և ժողովրդի անվտանգության համար սպառնալիք հանդիսացող գործողություններ։ Ընդամենը դա է անում Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ իրենք արդեն մի անգամ իրենց արկածախնդիր քաղաքականության հետևանքով տապալել են խաղաղ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հարցում, տարել մեզ պատերազմի և հիմա էլ նոր արհավիրք, նոր պատերազմներ են ուզում բերել մեր երկիր։

«Թող որևէ ձևով պարզաբանեն, ասեն անցյալ տարվա կամ վեց ամիս առաջվա համեմատ տեղի է ունեցել այս կամ այն գործողությունները, ընդունվել են այս կամ այն որոշումները, ամրապնդվել են սահմանապահ ծառայության կարողությունները և հիմա «Զվարթնոց» օդանավակայանում կարող են իրականացնել միայն ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք, ի դեպ ասեմ, մինչև հիմա էլ են իրականացնում։ Այսինքն՝ այնպես չի, որ հիմա «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանափակ ծառայություն չկա։ Ես, օրինակ, վերջին 20 տարին ճամփորդում եմ, հայ սահմանապահներից բացի ուրիշ ծառայող ինձ դեռ չի հանդիպել»,- նշեց Ղազարյանը։

Անդրադառնալով Միրզոյանի ասածին, թե հայկական կողմի ծանուցումը ռուսական կողմին բավարար կլինի, և հարցն այդքանով կլուծվի՝ Ղազարյանն ասաց․

«Արարատ Միրզոյանը դիվանագիտության հետ ոչ մի առնչություն չունեցող պատահական, դիլետանտ, տգետ անձնավորություն է, ինքը չի պատկերացնում դիվանագիտական հարաբերությունների էությունը, հարցերի քննարկման ընթացակարգերը, մեխանիզմները և իր պրիմիտիվ տրամաբանությամբ, մտածողությամբ հավանաբար մի հայտարարագիր ներկայացնելը բավարար է դիվանագիտական հարթությունում, միջպետական հարաբերություններում խնդիրներ պարզաբանելու և լուծելու համար, բայց իրականում դա այդպես չի»։

Մեզ հետ զրույցում Ղազարյանը նաև նշեց, որ իրականում ցանկացած հարց, առավել ևս եթե դրանք կարևոր նշանակություն ունեցող հարցեր են, անհամաձայնություն կարող է լինել կողմերի միջև, դրանք ենթակա են առարկայական քննարկման։

«Ընդ որում՝ քննարկման ենթակա են նախապես, ոչ թե հայտարարագիրը տալու պահից հետո։ Այսինքն՝ ոչ թե պետք է հայտարարագիրը տա և հետո քննարկել, այլ քննարկում ունենալ, կողմերի հետ գալ որոշակի պայմանավորվածության և դրանից հետո սկսել դրանց դիվանագիտական ձևակերպումները պաշտոնական փաստաթղթերով։ Իսկ այս տգետներին այս ամենը բացատրելը կարծում եմ շատ սխալ է»,- ասաց Ղազարյանը՝ զրույցը ավարտելով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս