Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը Հայաստան միտված է երկու երկրների միջև համագործակցության խորացմանը և, իհարկե, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և առկա խոչընդոտների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է ժողովրդավարության ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերի ներդրման կարևորությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, առկա մարտահրավերների և դրանց դիմագրավելու հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը, ինչն էականորեն կնպաստի ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների արմատավորմանն ու զարգացմանը:
Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Դանիայի արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: