Այս օրերին հայրենի իշխանությունները քննարկում են Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցը:
Սրա վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
-Պարո՛ն Սիմոնյան, դուք առաջինը հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամության թեկնածու դառնալ: Ինչպե՞ս եք այս գործընթացը պատկերացնում, ի՞նչ ժամկետներում եք սա հնարավոր համարում:
-Չկա նման ժամկետ, չկա նման կանխատեսում: Օրինակ՝ մեր հարևան Վրաստանը տարիներ առաջ դիմեց, սպասեց և վերջերս միայն ստացավ թեկնածուի կարգավիճակ, Թուրքիան արդեն մոտավորապես 40-50 տարի է փորձում նման բան անել: Դա հեշտ գործընթաց չէ, խոսքը գնում է արժեքների մասին, Հայաստանը դավանել է և դավանում է ժողովրդավար արժեքները Եվրոմիության հետ։
-Պարո՛ն Սիմոնյան, իսկ նման հայտարարություններ անելիս հաշվի առնվե՞լ են բոլոր անվտանգային սպառնալիքները, որոնց կարող է բախվել Հայաստանը՝ նկատի ունենալով հատկապես ռուսական կողմի հայտարարությունները:
ՌԴ արտգործնախարար Լավրովն օրեր առաջ հայտարարեց, թե Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք՝ սեփական գործնական քայլերը պլանավորելիս:
-Այսինքն՝ երրորդ երկի՞րը պետք է որոշի Հայաստանի ապագան՝ սպառնալիքի ներքո։
-Պարո՛ն Սիմոնյան, լավ թե վատ, այս պահին Հայաստանի անվտանգային միակ բարձիկը ՀԱՊԿ-ն է, եթե առանց որևէ այլընտրանքի հրաժարվում ենք սրանից, ի՞նչ է լինելու՝ հատկապես այն դեպքում, երբ արձանագրում ենք, որ նոր պատերազմի վտանգ կա, արդյո՞ք Եվրոպան պատրաստ է մեզ գրկաբաց ընդունել:
-Ի՞սկ այդ միակ երաշխիքն ի՞նչ է արել մինչ օրս։
Նախ ով է ասում՝ որևէ անվտանգային երաշխիք, ասում եք ՀԱՊԿ, դրա այլընտանքը ՆԱՏՕ-ն է, բայց Հայաստանը չի քննարկել ու չի քննարկում որևէ ձևաչափով այդ կառույցին անդամակցության հարցը:
Ինչ վերաբերվում է վախենալուն՝ մենք մշտապես անհանգիստ ենք, զգուշավոր ենք, Հայաստանը անհանգստացած է, զգույշ է, գիտակցում է, որ տարբեր սպառնալիքներ կարող են առաջ գալ, բայց ակնհայտ է, որ այդ սպառնալիքները բազմիցս տեղի են ունեցել, և Հայաստանն արդեն իսկ տուժել է, տարածքներ կորցրել, դրա պատճառով մեր հայրենակիցներն են մահացել, հիմա մենք փորձում ենք որևէ ձևով այդ սպառնալիքը հեռացնել, քանի որ ձեր ասած սպառնալիքն արդեն մի քանի տարի է՝ մշտական ձևով տեղի է ունենում, դրանք սահմանի վրա հարձակումներն են, Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած դեպքերն են՝ Հին Թաղեր, Սև լճեր, ակնհայտ է, որ այս տարբերակն արդեն իսկ խնդիրներ ունի և որևիցէ մեկը, նույնիսկ ընդդիմությունը, չի կարող մեզ մեղադրել այլընտանքային միջոցներ չձեռնարկելու մեջ։
Քրիստինա Մուշեղյան