Գաղտագողի նիստ են արել ու տրանսպորտի թանկացման նախագիծն ընդունել. ավագանու անդամը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին փուլով ընդունել է տրանպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը:
ArmLur.am-ը զրուցել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, հայտարարել էիք, որ իշխանությունները վերջին պահին են տրանսպորտի թանկացման նախագիծն օրակարգ բերել: Դուք ներկա եք եղել նիստին, ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս իշխանությունները կարողացան ընդունել այն:

– Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել գաղտագողի, այսինքն՝ նիստը հրավիրված է եղել, բայց հարցն օրակարգ մտցրել են նիստը սկսելուց 1 ժամ առաջ, հրատապի տակ, թե ո՞րն էր հրատապությունն այս հարցի, չկարողացան ասել:
«Հանրային ձայն »- ի ներկայացուցիչները դուրս եկան ու չմասնակցեցին հանձնաժողովի նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչներից միայն Պեդրո Զարուկյանն էր ներկա, իսկ մերոնցից հանձնաժողովի 3 անդամներն էլ ներկա էին:

Երբ ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, ես թվեր հրապարակելով նրանց ասացի, որ վատ կառավարիչ են, ու լքեցինք հանձնաժողովի դահլիճը: Իրենք իրենցով անցկացրին նախագիծը, հարցը ներառվել է երեքշաբթի օրվա նիստի օրակարգ:

-Պարո՛ն Մանուկյան, կխնդրեմ ներկայացնել, թե տրանսպորտի միասնական համակարգի գործարկվելուց հետո՝ ի՞նչ փոփոխություններ են լինելու, որքան է թանկանալու տրանպորտի գինը:

-Իմ կարծիքով՝ միջինը քաղաքացու համար տրանսպորտը 200 դրամ է արժենալու:
Ուշագրավ է, որ իշխանությունները նույնիսկ ֆինանսական հիմնավորում չունեին նախագծի համար: Ինձ համար ընդունելի չէր, որ քաղաքապետարանի պաշտոնյաները, կոնկրետ՝ Սուրեն Գրիգորյանը, չկարողացավ թիվ հնչեցնել, թե որքան գումար է հավաքագրում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն: Իմ հարցին, թե «Երևան ավտոբուս » ՓԲԸ-ին որքա՞ն սուբսիդիա է տրամադրվում, պարզվեց՝ 4 մլրդ 32 մնլ դրամ, այսինքն՝ իրենց պնդումը, թե 7 մլրդ է, սուտ էր դա: Քաղաքացիների համար պարզ լինելու համար, թե ավտոբուսը օգուտո՞վ է աշխատում, թե՞ վնասով, բացատրեմ՝ սուբսիդիա գումարած իրենց հավաքած գումարը, այսպես է ձևավորվում նրա գումարը:

Երբ իրենց հարցնում եմ՝ օրական որքա՞ն է հավաքագրում, ասում են՝ ստվերը մեծ է, չենք կարող ասել, հարցնում եմ՝ որքա՞ն, ասում են՝ ստվերը 50 տոկոսից ավել է: Այսինքն՝ եթե մենք նույնիսկ հիմք ընդունենք իրենց ասած 550.000 թիվը և ընդունենք, որ կեսից մի փոքր ավել են կարողանում հավաքագրել, ապա 250.000 հազար իրենց մոտ ստվերն է ստացվում: Այս իշխանությունները չեն կարողանում կառավարել ու ստվերը վերացնել, եթե ստվերը վերացնում ես, ուրեմն սուբսիդիայի կարիք չի լինում ու չի թանկանում:

-Հայտարարել էիք, որ եթե տրանսպորտի գինը թանկանա, դուրս եք գալու փողոց ակցիաների ու թույլ չեք տալու դա: Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Ես այսպես եմ պատկերացնում, քանի որ հանրությունը դեռ առարկայական չի պատկերացնում, որ թանկացել է, մեր հանրության մոտ այսպես է՝ երբ առաջին անգամ վճարում է, նոր գիտակցում է, որ թանկ է վճարում: Պետք է լինի հանրային ճնշում, քաղաքացին պետք է պաշտպանի իր շահերը, և ընդդիմությունը պետք է լինի քաղաքացու կողքը, այլ ոչ թե ընդդիմությունը խնդրի, որ քաղաքացին լինի իր կողքը :Ժողովուրդը պետք է իր շահերը պաշտպանի, մենք նրանց կողքին ենք, պատրաստ ենք ծառայել նրանց հրամանին:

-Նախագիծը մարտի 12-ի ավագանու նիստում կդրվի վերջնական քննարկման, մասնակցելու՞ եք նիստին:

-Ես վստահ եմ, որ մեր խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի, բոյկոտը միակ գործիքակազմն է, քանի որ դեմ քվեարկելը դա նույնն է, ինչ կողմ քվեարկելը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս