ՀՖՖ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին չի ծառայել բանակում: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 14-ին հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. «ArmLur.am-ը տեղեկացել է, որ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Արմենի Նիկողոսյանը (ծնված 23.07.1995 թվ.-ին, գրանցման հասցեն՝ Երեւան, Դեմիրճյան փ. 17Ա 15) ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ֆուտբոլային կարիերա շարունակելու հիմնավորմամբ, սակայն հետագայում նրան ակտիվ ֆուտբոլում չենք տեսել: Ի՞նչ հիմնավորմամբ է ծառայությունից ազատվել Էդգար Նիկողոսյանը: 2018 թվականից հետո, երբ շատ պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման փաստաթղթերը սկսեցին ուսումնասիրվել, արդյոք Արմեն Նիկողոսյանի որդու ծառայությունից ազատման փաստը ստուգվե՞լ է. եթե ոչ, ինչու՞»:

Ի պատասխան, ՊՆ-ից հայտնել են. «Նիկողոսյանը օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»: Իսկ թե ինչ հիմքով, ՊՆ-ից հրաժարվել են պատասխանել՝ մատնանշելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Արդյոք 2013-ին 18-ը բոլորած Էդգար Նիկողոսյանն իսկապես ֆուտբոլային կարիերա է ունեցել եւ ունի՞. փնտրեցինք տեղեկություններ, չգտանք: Զանգահարեցինք հորը՝ Արմեն Նիկողոսյանին, որը, սակայն, հրաժարվեց զրուցել մեզ հետ. չկարողացանք պարզել, թե ինչ հիմքով է որդին ազատվել զինծառայությունից, եւ ինչու չի զբաղվել հետագայում ֆուտբոլով, եւ ամենակարեւորը՝ ում միջնորդությամբ է ազատվել որդին բանակից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները ԱԺ ամբիոնից հաճախ խոսում են, թե մարդիկ նախկինների օրոք փողով բանակից ազատվել են: Ստացվում է՝ նաեւ իր թերթի նախկին աշխատակցի որդին է նույն հիմքով ազատվել ծառայությունից, եթե Փաշինյանը դա էլ չէր ստում: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա փաշինյանական իշխանությանը, ապա նրանց օրոք ՔՊ թիմակիցներից շատերը արհեստական հիմքերով ազատվել են պարտադիր զինծառայությունից։

Օրինակ՝ ՀՀ արտաքին գործերի երիտասարդ փոխնախարար Վահան Կոստանյանը բանակից ազատվեց, որ գիտությամբ զբաղվի, սակայն պետական պաշտոնյա է: Զինծառայությունից ազատված են ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ եւ Վլադիմիր Ղալումյանները: Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը եւս չի ծառայել։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի 2 որդիները նույնպես ազատվել են ծառայությունից, եւ այս շարքը դեպի անվերջություն կարող ենք շարունակել:

 

 

 

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր նորանշանակ խոսնակ Նելլի Ղուլյանից պահանջել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացնի: Դա արել է հատկապես այն բանից հետո, երբ թիմակիցները նրա դեմ դավեր էին նյութում, թե ՔՊ-ին հավատարիմ չէ, շեղվել է կուսակցության հռչակած սկզբունքներից: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ԱԺ խոսնակի աշխատասենյակի պատին բերել եւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն են փակցրել: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց Նելլի Ղուլյանին. վերջինս ասաց, որ ինքը ՔՊ աջակից է, ուստի չի բացառում անդամակցությունը, սակայն Սիմոնյանի կողմից նման պահանջ իր առջեւ չի դրվել։ «Ոչ մի պահանջ Պարոն Սիմոնյանը չի ներկայացրել, ինձ համար ծիծաղելի է՝ որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Ես կարող եմ ասել, որ 2018թ-ից ի վեր սատարել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես քաղաքացի եւ դրա համար չեմ բացառում իմ անդամակցությունը. դա եղել է միշտ իմ մտքին, բայց ԱԺ նախագահի կողմից երբեւէ նման պահանջ ինձ չի ներկայացվել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելուն, ԱԺ նախագահի խոսնակն ասաց. «Ես ասացի, որ հեղափոխությանը սատարում եմ, ՔՊ-ին սատարում եմ, դրա համար սա շատ նորմալ եմ համարում»: Նշենք, որ Նելլի Ղուլյանը ԱԺ նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից. մինչ այդ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը: Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը նույնիսկ խոստացել է խոսնակին ԱԺ պատգամավոր դարձնել մյուս ընտրություններում:

 

 

 

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երեւանի ավագանու: Այսպիսով, դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում  Երեւանի ավագանին որոշեց ընդդիմադիր  «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամների՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից: Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել  նախագծերի քվեարկություններին չմասնակցելը:  Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը թեեւ ներկայացել էին նիստերին, սակայն, որպես քաղաքական բոյկոտի տարբերակ, չէին մասնակցել նախագծերի քվեարկություններին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան»-ը օրեր առաջ՝ փետրվարի 29-ին,  հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը: Մեզ «Մայր Հայաստան»-ից  հայտնեցին, որ առաջիկայում Նարինե Հայրապետյանի մասով եւս հայց են ներկայացնելու. քանի որ վերջինս երկրում չէ, թղթաբանության հետ կապված խնդիրներ են առաջացել, ու գործընթացը ձգձգվել է: Տեսնենք՝ փաշինյանական դատարանները ինչ վարք կդրսեւորեն։

 

 

Քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը, դատավորները էլի պետք է հավաքվեն։ Կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն եւ ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: Դատական համակարգում ակտիվ քննարկում են, թե ում ընտրեն, որ ՔՊ-ի սրտով լինի: Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին  է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի հանձնվում եւ  ամեն գնով իր թեկնածուին է առաջ տանելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում,  որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցը անձամբ նրանից ճշտել, սակայն մեր հաղորդագրություններն ու զանգերը մնացին անպատասխան: Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դատավորներին էր դիմել Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին, սակայն Բալայանին ՔՊ-ն չընտրեց: Ուստի, հերթական անգամ դատավորները հավաքվելու են առաջիկայում: Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները: Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից։

 




Լրահոս