ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ անգամ հայտարարել է իր պատրաստակամությունը եւ ցանկությունը՝ համագործակցելու  եվրոպական քաղաքական ընտանիքի անդամների հետ. Ազգային ժողովում  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները քննարկել, քաղաքական ուժը նպատակ ունի արդյոք առաջիկայում որեւէ կուսակցության անդամակցել։

 

Պատգամավորը նախ նշեց, որ ՔՊ-ն յուրաքանչյուր հինգշաբթի իր գրասենյակում ունենում է կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են ամենատարբեր օրակարգային հարցեր՝ կապված թե՛ կուսակցության զարգացման, թե՛ առհասարակ կուսակցության դերի եւ նշանակության հետ։

«Այդ համատեքստում, բնականաբար, մենք նաեւ քննարկում ենք մեր համագործակցությունները համաշխարհային տարբեր կուսակցական միավորների հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություններ, եւ, քանի որ բոլորի համար պարզ է, որ մենք ոչ մեկ անգամ ենք հայտարարել մեր պատրաստակամությունը եւ ցանկությունը համագործակցելու եվրոպական քաղաքական ընտանիքի անդամների հետ, բնական եմ համարում քննարկումները եվրոպական քաղաքական կուսակցությունների միավորումների վերաբերյալ, որպեսզի մեր կուսակցականները եւ բոլորը հստակ պատկերացումներ ունենան եվրոպական կուսակցությունների գաղափարախոսությունների, մեր ընդհանրությունների եւ համագործակցության հնարավորությունների մասին»,- ասաց Հովհաննիսյանը։

Ճշգրտող հարցին՝  հնարավոր է արդյոք անդամակցություն որեւէ եվրոպական կուսակցության, Հովհաննիսյանը պատասխանեց՝ չի բացառում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին նշեց, որ բավականին երկար ժամանակ ՔՊ-ն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մասնակցում է տարբեր քաղաքական խմբերի ձեւաչափով քննարկումներին։

«Մեր պատվիրակության մի մասը թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխող խմբակցություններից, ընդգրկված է Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորական խմբում։ Օրինակ՝ ՀՅԴ-ն սոցիալիստների խմբում է եւ սոցիալիստների համաեվրոպական կուսակցական շարժման մաս է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եղել է Ժողովրդավարների եւ լիբերալների ալյանսի մաս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մաս է կազմել կոնսերվատորների խմբին։ Այսինքն՝ սա քննարկում չէ, որ աննախադեպ բնույթ է կրում, սա քննարկում է, որը ինչ-որ տեղ ուշացած է։ Մենք բավականին երկար ժամանակ քննարկել ենք այս հարցը եւ շարունակում ենք քննարկումներն ու ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում այս ուղղությամբ»,-եզրափակեց Վարդանյանը։

Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համարում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված:

 

Մամիջանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածու դառնալու  վերաբերյալ հարցին:

«Ես համարում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված, այնպիսին, ինչպիսին եղել է: Ես պատիվ ունեմ ներկայացնելու մի քաղաքական միավոր (Հայաստանի հանրապետական կուսակցություն), որը պատասխանատվություն է կրում Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման մեծ մասի համար»,-ասաց Մամիջանյանը:

Նա հավելեց՝ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունից կարելի է ենթադրել, որ նրա քաղաքական թիմի անդամը բալանասավորված արտաքին քաղաքականության կողմնակից է:

«Յուրաքանչյուրը դաշնակցային հարաբերություն, յուրաքանչյուր գործընկերային հարաբերություն պետք է ծառայի Հայաստանի շահին: Անվտանգություն պետք է որոնես այնտեղ, որտեղ անվտանգություն գեներացնող են, ոչ թե սպառող, տնտեսական զարգացում պետք է որոնես այնտեղ, որտեղ դու մրցունակ ես: Օրենքի գերակայություն, անկախ դատական համակարգ, ժողովրդավարություն պետք է որոնես այնտեղ, որտեղ դա լավ է զարգացած: Եվ յուրաքանչյուր գործընկերոջից կամ դաշնակցից պետք է պայմանագրային, գործընկերային, դաշնակցային հիմունքներով կարողանաս ստանալ իմ նշածներից յուրաքանչյուրը քո երկրի համար»,-ասաց Մամիջանյանը:

Նա կարեւորեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցելը՝ հաշվի առնելով տարածաշրջանը, աշխարհաքաղաքական իրավիճակը եւ այլ գործոններ:

Մամիջանյանը համեմատությամբ խոսեց. երկու փիղ իրար հետ մենամարտում են, երբեք չես կարող ասել, թե որ փիղը կհաղթի, բայց այն վայրը, որտեղ այդ մենամարտը տեղի է ունենում, վստահաբար ավերակների է վերածելու: Նա մեղադրեց Հայաստանի իշխանությանը վարած քաղաքականության շատ ասպեկտներով այդտեղ տանելու համար:

Նա շեշտեց՝ երբեւէ չի հանդուրժի, որ իր հայրենիքը դառնա աշխարհաքաղաքական հաշիվ պարզելու վայր:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրաստ է արդյոք ԵՄ-ի անդամության թեկնածու դառնալուն, ըստ էության, չէր բացառել դա:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռենդ Փոլը դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից F-16-ների օգտագործումը 2020 թվականին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի  դեմ հարձակումներում. այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Սենատորը կոչ է արել ընդունել բանաձեւը՝ Թուրքիայի կառավարությանը F-16-ների եւ պաշտպանական այլ ապրանքների վաճառքի համար Կոնգրեսի անհամաձայնության վերաբերյալ:

Թուրքիային F-16-ի վաճառքը արգելափակելու բազմաթիվ պատճառների թվում Փոլը հիշեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդումը, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին թուրքական F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռ։ «Թուրքիան սերտորեն կանգնած է եղել իր դաշնակից Ադրբեջանի կողքին տարածաշրջանն իրեն հպատակեցնելու իր ջանքերում՝ տրամադրելով մարտական անօդաչու թռչող սարքեր, ռազմական տեխնիկա, ուսուցում եւ, եթե հավատալու լինենք Հայաստանի կառավարությանը, ուղղակի մարտական աջակցություն։ Ուրեմն մեր ինքնաթիռները՝ F-16-երը, որ տալիս ենք թուրքերին, փաստացի օգտագործվում են Հայաստանի հետ մեկ այլ պատերազմում»,-ասել է սենատորը:

Նա շեշտել է, որ 2020-ի պատերազմում եւ 2023-ին Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել են հազարավոր մարդիկ,  ստեղծվել է հումանիտար աղետ՝ ստիպելով ավելի քան 100 հազար մարդու տեղահանվել:

Սենատոր Փոլի բանաձեւը ստացել է երկկուսակցական աջակցություն սենատորներից: Բանաձեւը, սակայն, ընդունվելու համար բավարար ձայներ չի ստացել:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

Նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ ողջունելով Հայաստանի նախագահի պաշտոնական այցը՝ Նեչիրվան Բարզանին ընդգծել է, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները դրականորեն նպաստում են ինչպես ժողովուրդների միմյանց ճանաչողությանը, այնպես էլ խթանում տնտեսական, մշակութային, տուրիստական, գործարար եւ այլ ոլորտներում առկա կապերի ամրապնդումն ու նոր շփումների ձեւավորումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, տուրիզմի, կրթության եւ գիտության ու այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր։

 




Լրահոս