«Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում»,- Facebook-ի իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 1-ն է՝ գարնան առաջին օրը: Իշխանավորների համար իբր տխուր օր է. 10 զոհեր, հայի արյուն, կյանքեր եւ այլն:
2 օր առաջ Սումգայիթյան ջարդերի տարելիցն էր, երբ ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության սպանություններ տեղի ունեցան եւ զանգվածային տեղահանություն։ Դա եղել է 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգաբնակչության դեմ իրականացրած այս պետական հանցագործության նպատակն էր կանխել արցախյան շարժումը, կանխել արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Ոճրագործությունը ծրագրավորված էր, մարդասպանների մոտ հայերի բնակարանների ցուցակներն էին, սցենարը նախապես մշակված էր, դերերը բաժանված՝ սպանություն եւ ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի եւ այլ գործիքների պատրաստում, թմրանյութերի եւ ոգելից խմիչքի բաժանում. այդ ամենը բացահայտվել ու դատապարտվել է միշտ։ Անգամ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ 1000-ից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ։ Մինչ այսօր Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ. ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչեւ օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։
Հիմա էսօրվա իշխանությունը, որ առավոտ բարլուսով շնչակտուր ընկնում է ու մարտի 1-ի՝ իրենց կազմակերպած խուլիգանության արդյունքում զոհերի է հիշում, էդ 2 օր առաջ հայ ազգի դեմ հերթական ցեղասպանության տարելիցը ինչի՞ չի հիշում։
Ասեմ՝ ինչու չի հիշում։ Որովհետեւ Սումգայիթ հիշել, սգալ ու դատապարտելը ունի հասցեատեր՝ Իլհամ Ալիեւն է, որից վախենում են, նրան բան չեն ասում, որովհետեւ կզրկվեն իշխանությունից։
Իսկ մարտի 1-ը, հակառակը, այդ օրը շահարկելով ու մարդկանց հույզերի վրա խաղալով եկել են իշխանության։ Իրենք շնորհակալ են մարտի 1-ի զոհերից, դրա համար էլ առավոտ բարլուսով գնում-կանգնում, ճառեր են ասում, խաչակնքվում, խոնարհվում, մտքերում ասում, որ երախտապարտ են, իսկ Սումգայիթյան տարելիցին ամեն ինչից կխոսեն, հաթաթաներ կտան բոլորին, բացի ադրբեջանցի մարդասպաններից ու նրանց ղեկավարներից։
Վերջին տարիներին՝ մեր գլխին եկածը բացահայտվելուց հետո, կարող է արդեն մարտի 1-ը ոչ թե ոճրագործության օր հիշվել հայոց պատմության մեջ, ոչ թե իրենց հռչակած կորսված գարնան առաջին օր, այլ կհիշվի որպես հայրենիքի պաշտպանության օր, ազգային պաշտպանության օր, 2020-ից ի վեր մեր ապրած աղետը 10 տարով հետաձգելու օր։ Կարող է բացահայտվել, որ այդ զոհերը խուլիգանության կազմակերպիչները տվեցին իրենց նպատակին հասնելու համար, բայց օրվա իշխանությունը կարողացավ կանխել այն, ինչը չկարողացավ կանխել 2018թ.-ին»։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՁԵՎԱՉԱՓԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերականգնումը։
Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպման եւ Բեռլինում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ կայացած բանակցությունների համատեքստում արդյոք կարող են արձանագրել, որ Ադրբեջանը վերադառնում է բանակցությունների արեւմտյան հարթակին, եւ այս դեպքում Գերմանիան հանդիսանում է որպես միջնորդ, եթե ոչ, ապա կարող են արդյոք արձանագրել, որ Հայաստանն է համաձայն երկկողմ բանակցությունների, իսկ Գերմանիան այս դեպքում ոչ թե միջնորդ է, այլ հարթակ այդ բանակցությունների համար։
«Պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձեւաչափի վերականգնումը։ Սա չափազանց կարեւոր է հետագա գործընթացները ծավալելու համար։ Հանդիպումները շարունակվում են, եւ դա շատ դրական նշան է»,- պատասխանեց Վարդանյանը։
Ճշգրտող հարցին՝ ամեն դեպքում, որ ձեւաչափն են ավելի ճիշտ համարում, պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որն ասաց, որ արդյունավետ են համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն եւ կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։
«Այս իմաստով Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ստորագրել են փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները, եւ, բնականաբար, ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են։ Մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները եւ ողջունում ենք ցանկացած ձեւաչափի քննարկումները, որոնք տանում են դեպի խաղաղության մեր տարածաշրջանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Փետրվարի 19-ին Մյունխենում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների ԱԳ նախարարների եւ փոխվարչապետերի մակարդակով։ Փետրվարի 28-ին եւ 29-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բանակցություններ են վարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, բանակցությունները հյուրընկալել էր Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։
ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ՇՓՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան ցանկացած բանակցություն, սակայն կարծում է, որ Արեւմուտքի միջնորդությամբ վերջերս կայացած բանակցություններից գլոբալ արդյունքներ պետք չէ ակնկալել:
Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարող է արդյունավետ լինել:
«Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները»,-ասաց Օհանյանը՝ կարեւորելով ցանկացած շփում:
Վերջերս Գերմանիայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գոհ չէ: «Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,-նշեց պատգամավորը:
Նա նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները, մի կողմից, անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից՝ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արեւմտյան, թե՛ հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն:
«Կարծում եմ, որ, իհարկե, արեւմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ, բայց որեւիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի, բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,-եզրափակեց Օհանյանը:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանում հատուկ ջոկատայինների զորավարժություններ են անցկացվում։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ շարունակվում են մարտավարական եւ հատուկ զորավարժությունները՝ «Մարտական ??գործողություններ իրականացնել ձնակույտի եւ սաստիկ ցրտահարության պայմաններում» թեմայով։
«Բարձրավանդակում դահուկների վրա մարտավարական վերադասավորումներ կատարած հատուկ նշանակության ջոկատները կատարել են ժայռամագլցման եւ ձնառատ տեղանքում խոչընդոտների հաղթահարման, վիրավոր զինվորին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, դժվար տեղանքների համար նախատեսված մեքենաներով նրան տարհանելու եւ հատուկ նշանակության այլ առաջադրանքներ»,- մեջբերում է ԶԼՄ-ն։