ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ԿԱՐԵՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

 

Ինչպես  տեղեկացանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, Մայքլ Քոնոլին Հայաստան է ժամանել ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման հարցում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաեւ «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել Երեւանի եւ ՀՀ մարզերի՝ անգլերեն դասավանդող ավելի քան 800 ուսուցիչներ: Ընդ որում՝ հայտատուների շուրջ 50%-ը ՀՀ մարզերից է:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարեւորել է երկկողմ համագործակցությունը, ինչպես նաեւ առաջիկա համաժողովի անցկացումը: «Այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով մենք համագործակցում ենք Բրիտանական խորհրդի հետ անգլերենի ուսուցիչների կարողությունների զարգացման եւ, առհասարակ, ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի մշակման տեսանկյունից մեզ համար շատ կարեւոր են: Երկու ուղղություններով էլ բավականին լավ արդյունքներ ենք գրանցում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման ծրագրին»:

«ՀՀ կրթական բոլոր մակարդակներում, հատկապես՝ հանրակրթության ոլորտում, բազմաթիվ մեծածավալ բարեփոխումներ են տեղի ունենում՝ թե՛ կրթության բովանդակության, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման, թե՛ դպրոցների կառավարման եւ ֆինանսական համակարգի բարելավման տեսանկյունից: Բնականաբար, լավագույն փորձի տեղայնացումը մեզ համար կարեւոր ճանապարհ է»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլն ընդգծել է՝ Հայաստանի հետ համագործակցության հաջողված փորձը կարող է որպես մոդել դիտարկվել այլ երկրների կողմից: «Հայաստանի կառավարության եւ Բրիտանական խորհրդի միջեւ երկարաժամկետ համագործակցության մակարդակը լավագույն օրինակներից է, որը մենք ցանկանում ենք կիսել ամբողջ աշխարհի հետ: Հայաստանը հիանալի գործընկեր է հատկապես այն առումով, որ ոչ միայն զբաղվում է կրթական բարեփոխումների մշակմամբ, այլեւ աշխատում է դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Ընդ որում՝ խոսքը ռազմավարական շատ հավակնոտ ծրագրի մասին է»,- ասել է Մայքլ Քոնոլը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ անդրադառնալով ՀՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաեւ Համաշխարհային բանկի կողմից հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները: «Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման շրջանակում մենք երկու տարվա ընթացքում սովորողների մոտ կրթության դինամիկայում 6 ամսվա աճ ենք գրանցել: Սա մեզ համար շատ կարեւոր ցուցանիշ է: 2015 թվականին մարդկային կապիտալի գնահատման շրջանակում հետազոտությունները ցույց են տվել, որ 12-ամյա կրթության ընթացքում մեր սովորողները ձեռք են բերում 8 տարվա գիտելիքներ: Մնացած 4 տարիներն այնքան էլ արդյունավետ չեն անցնում դպրոցներում: Մեր կողմից նախաձեռնված այս գործողությունները հստակ կանոնակարգելու եւ ճիշտ ընթացքով իրականացնելու դեպքում կարող ենք կրճատել այն բացը, որն այժմ ունենք հանրակրթական դպրոցներում»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է նաեւ, որ Բրիտանական խորհրդի Անգլերեն  գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլը փաստել է՝ մի պայմաններում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է, թե համավարակի հետեւանքով յուրաքանչյուր երկիր դպրոցական համակարգում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է ունեցել, Հայաստանում գրանցված 6 ամսվա աճը, իսկապես, տպավորիչ է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության այլ հեռանկարներ, մասնավորապես՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նախագծային ուսուցմանն ու դպրոցների կառավարման բրիտանական փորձի ուսումնասիրությանը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՁԵՎԱԿԱՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը 2012 թվականին կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է իր աներոջը, այնուհետեւ առուվաճառքի ձեւական պայմանագրով գույքը վաճառվել է համայնքի ղեկավարի կնոջը։ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատախազը գործն ուղարկել է դատարան։

 

«Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի եւ վերջինիս կնոջ հոր նկատմամբ՝  համայնքային սեփականություն հանդիսացող կենցաղի տան շենքը վատնման եղանակով հափշտակելու, իսկ հետագայում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փողերի լվացմանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ բնակավայրի ղեկավարի կնոջ նկատմամբ:

Դատախազը 2024 թվականի մարտի 1-ին հաստատել է համայնքի ղեկավարի, վերջինիս կնոջ եւ աներոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ քաղաքացին, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին շուկայականից էականորեն ցածր գնով համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը: Վերջինս տարիներ անց ձեւական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով գույքը վաճառել է իր դստերը՝ բնակավայրի ղեկավարի կնոջը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ԿԱՅՔԸ ՉԻ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում վերջին նորությունը տեղադրվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ 2023թ. դեկտեմբերի 27-ին. այդ տեղեկությունն էլ սեփական չէ, այլ   «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունն է Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես անջատելու մասին: Դիլիջանի համայնքապետարանի կայքում տարին չի փոխվել, կարծես 17 հազար բնակիչ ունեցող՝ զբոսաշրջային Դիլիջան քաղաքում եւ Դիլիջան համայնքի 6 գյուղերում անցած ավելի քան երկու ամսվա  ընթացքում ոչ մի իրադարձություն տեղի չի ունեցել։ Դիլիջանի բնակիչներից տեղեկացա, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արփի Թամրազյանն ամուսնացել, բալիկ է ունեցել, ներկայումս խնամում է փոքրիկին։ Նրա անունը ներկայումս բացակայում է համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված՝ համայնքապետարանի աշխատակազմի անդամների ցանկից։ Համայնքապետարանի մամուլի քարտուղարը ֆիզիոլոգիական արձակուրդում է, ինչո՞ւ նրա փոխարեն ժամանակավորապես աշխատող չեն ընդունել, որպեսզի նա համայնքապետարանի կայքը նորություններով թարմացնի։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում շատ ակտիվորեն, մեծ  արագությամբ լրացվում է համայնքի ղեկավարի կայացրած որոշումների բաժինը։ Համայնքի ղեկավարի որոշումների մեծամասնությունը վերաբերում է հողերի վաճառքին, հողամասերի տերերին, ընդլայնման նպատակով, ուղիղ վաճառքով օտարվող հողերին եւ այլն։ Մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը բենզալցակայանում որպես լիցքավորող աշխատած, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, անձնական գործում իր սեռը  «արու»  գրած Դավիթ Սարգսյանի որոշումներով համայնքի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից էժան գներով օտարվում են ոչ միայն Դիլիջան համայնքի, այլեւ Երեւանի, Վանաձորի. Իջեւանի բնակիչների։ Այդ ձեւական աճուրդների հետեւանքով համայնքի բյուջե չեն մտնում հարյուրավոր միլիոն դրամներ։ Դիլիջան քաղաքի ավտոկայարանի հարակից տարածքից, միջպետական մայրուղուց դեպի Դիլիջանի համայնքապետարանի շենք բարձրացող ճանապարհի ոլորաններից մեկում տեղադրված է հողի վաճառքի հայտարարություն. Դիլիջան քաղաքի կենտրոնում վաճառվում է 408 քառակուսի մետր հող,գինը՝ 460 հազար դոլար: Գրված է նաեւ վաճառողի անունը եւ բջջային հեռախոսահամարը։ Ահա այսպիսի բարձր  են Դիլիջան քաղաքի հողերի շուկայական գները, մինչդեռ ՔՊ-ական համայնքապետը մեծ թափով համայնքի հողերն օտարում է շուկայականից շատ ցածր գներով։ 2024 թվականին  1 միլիարդ 471 միլիոն 748 հազար 150 դրամ բյուջե ունեցող համայնքում այդպես էլ  չեն լուծվում Դիլիջանի շատ փողոցների նորոգման, պատշաճ աղբահանության, թափառող, անտեր, ագրեսիվ շների վնասազերծման եւ բազում այլ հարցեր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս