Միջազգային փորձագետներն աննախադեպ են համարել Տավուշի մարզում հանրակրթական պետական չափորոշչի փորձարկման արդյունքում արձանագրված ցուցանիշը։
Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում դեռ 2021 թվականից են մեկնարկել հանրակրթության պետական չափորոշչի փորձնական ներդրման աշխատանքները։
«Մեզ համար շատ կարեւոր էր հասկանալ, թե ինչ արդյունքներ է ապահովում նոր չափորոշիչը, եւ արդյոք այն հնարավորություն է տալիս կրթության որակական փոփոխություններ գրանցել։ Քանի որ հատկապես ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկա) առարկաների մասով նոր չափորոշչի թե՛ մշակման եւ թե՛ փորձարարական ներդրման ծրագիրն իրականացվել է Եվրամիության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ, վերջինիս կողմից նախաձեռնվել էր երկամյա փորձարարական ներդրման արդյունքների գնահատման գործընթաց միջազգային անկախ փորձագետների կողմից։ Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այդ անկախ զեկույցի հրապարակմանը եւ դրա արդյունքներին։
Մեզ համար շատ ոգեւորիչ արդյունքներ են գրանցվել, որովհետեւ երկու տարվա ընթացքում, ի համեմատ մյուս մարզերի դասարաններում սովորող երեխաների, Տավուշի մարզի երեխաների մոտ վեց ամսվա տարբերությամբ ավել դինամիկա է գրանցվել»,-մանրամասնել է Սվաջյանը։
Նրա խոսքով՝ հետազոտությունը, որն իրականացվել է Հայաստանում մարդկային կապիտալի, ինչպես նաեւ կրթության ուղղությամբ, ցույց է տվել, որ 12-ամյա կրթության ընթացքում երեխաներն արդյունավետ օգտագործում են իրենց 8 տարին։
Տավուշի մարզի փորձարկումը ցույց է տվել, որ երկու տարվա ընթացքում 6 ամսվա չափով աճ է գրանցվել սովորողների մոտ, ինչը, միջազգային փորձագետների հավաստիացմամբ, աննախադեպ ցուցանիշ է, քանի որ բոլոր այն երկրները, որտեղ առաջընթաց է գրանցվում, ըստ փորձագետների, այդ ցուցանիշը մոտ երեք ամսվա է ակնկալվում։
Փոխնախարարն ընդգծել է, որ համավարակի, պատերազմական եւ հաջորդած դժվարին իրավիճակի ընթացքում մշակված եւ իրականացված ծրագրի նման արդյունքն իրականություն է դարձել ԿԳՄՍ նախարարության, ուսուցիչների շնորհիվ, միջազգային փորձագետների ու գործընկերների աջակցությամբ։
«Իհարկե, սա ոգեւորում է, բայց մենք չենք կարող հանգիստ լինել եւ մտածել, որ մեզ մոտ աճ է գրանցվում, նշանակում է ամեն ինչ լավ է։ Այդ վերլուծությունը վկայում է նաեւ այն մասին, որ այստեղ հետեւողական, մանրամասն աշխատանք է անհրաժեշտ իրականացնել։ Տավուշի մարզում մենք ունենք այս հաջողությունը, որովհետեւ մեծածավալ դասընթացներ են իրականացվել, բնագիտական լաբորատորիաներով են ապահովվել դպրոցները, այսինքն՝ բոլոր այն գործոնները, որոնք անդրադառնում են կրթության որակի վրա, մենք փորձել ենք ապահովել»,-ասաց Սվաջյանը՝ ավելացնելով, որ այժմ նոր չափորոշչի ներդրման գործընթացն իրականացվում է հանրապետության բոլոր մարզերի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, եւ հետեւողական աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով, որպեսզի աճ գրանցվի նաեւ այս կրթօջախներում։
Մյուս ուսումնական տարում չափորոշիչը կներդրվի նաեւ 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններում եւ հաջորդաբար արդեն մյուս դասարաններում եւս։
Սվաջյանը նշեց, որ այս տարի Տավուշի մարզում նոր կրթական չափորոշչով ավարտող սովորողներ կան 4-րդ, 9-րդ, 10-րդ դասարաններում, եւ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի նրանց կրթական մակարդակի ատեստավորման գործընթացը համապատասխան ձեւաչափով իրականացվի։
«Օրինակ՝ նոր չափորոշչի ներդրման կարեւոր բաղադրիչներից մեկը երեխաների հետազոտական, ստեղծագործական քննադատական մտածողության զարգացումն է։ Տավուշի մարզում բնագիտական առարկաների քննությունը, որը ստանդարտ թեստի միջոցով էր, մենք հիմա հնարավորություն ենք տվել երկու ձեւով իրականացնել. մի դեպքում սովորողները կարող են ընտրել նախագծային աշխատանք, ինչը նաեւ հնարավորություն է տալիս ինտեգրել գիտելիքները, միջառարկայական կապեր ստեղծել եւ իրենց հետազոտությունները կատարել մի քանի առարկայի շրջանակում, մյուս կողմից՝ կրկին թեստային ճանապարհով առաջարկվում է սովորողների գիտելիքների ստուգում իրականացնել ոչ միայն տեսական հարցերով, այլ շուրջ 20-30 տոկոսը կլինեն գործնական առաջադրանքներ՝ կապված լաբորատոր աշխատանքների հետ»,-պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ հնարավորություն է ընձեռվելու մասնակցել թե՛ նոր, թե՛ հին ձեւաչափով քննությունների։ Բացի այդ, երկու քննություններից որպես ընդունելության ցուցանիշ կպահպանվի այն գնահատականը, որն ավելի բարձր է։
Անդրադառնալով նոր չափորոշչի ներդրման համար ուսումնանյութական բազայի առկայության հարցին՝ Սվաջյանը նկատեց, որ նոր չափորոշիչը պահանջում է ոչ միայն միջավայրային պայմանների, ուսումնալաբորատոր բազայի ապահովում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցությունների անդամները ծաղիկներ են խոնարհել «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլեւս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, եւ մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը՝ հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին»,- գրել է Ավինյանը:
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ
Բնապահպան ակտիվիստների ճնշման նոր ձեւաչափ. բնապահպան Օլեգ Դուլգարյանն ահազանգում է, որ ԶՊՄԿ-ն իր դեմ 6 միլիոն դրամի հայց է ներկայացրել դատարան եւ փորձում է լռեցնել։
Այս մասին տեղեկանում ենք «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանում բնապահպանական ակտիվիստների, իրավապաշտպանների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայցեր դատարան ներկայացնելու գործընթացը շարունակվում է` ձեռք բերելով նորագույն երանգներ։
Դատարաններ հայցեր ներկայացնելը բնապահպանական ակտիվիստների եւ իրավապաշտպանների նկատմամբ արդեն մի քանի անգամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ միջազգային իրավապաշտպան ցանցերը որակել են ճնշման մի ուրույն ձեւաչափ, հետապնդում, այն է` դատական գործերով էկո-ակտիվիստներին եւ հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակիչներին լռեցնելու փորձ:
Հերթը հասավ ինձ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության խմբի ակտիվներին է պատկանում, եւ որի բաժնետեր է հանդիսանում նաեւ ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում եւ բռնագանձում 6 000 000 ՀՀ (6 մլն) դրամ (մոտ 14 000 եվրո)։
Նման գործընթացները բնորոշ են միայն ոչ ժողովրդավարական երկրներին եւ հասարակություններին։
Վստահ եմ՝ Ռուսաստանում եւս ժամանակին ազատ խոսքի եւ ակտիվիստների նկատմամբ ճնշումները մեկնարկել են իրավապաշտպանների նկատմամբ քաղաքացիական հայցեր ներկայացնելով, իսկ հետո եւ հիմա արդեն քրեական գործերով եւ մի քանի տարի ազատազրկմամբ։
Առհասարակ, նման գործընթացներն ուժեղացնում են մեզ. վստահ եմ՝ սա այդ դեպքերից է։
Հիշեցնեմ, որ նույն ընկերությունը 2023 թվականին հայց էր ներկայացրել նույն պահանջներով նաեւ բնապահպանական ակտիվիստ եւ լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ։
Վստահ եմ, որ քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային հանրությունը կտան իրենց գնահատականը այս գործընթացներին։
Ժողովրդավարությունը եւ սոցիալական արդարությունը Հայաստանում այլընտրանք չունեն»,- գրել է Դուլգարյանը։