Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները: Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման հարցերի կարգավորմանը և Սև ծովում նավերի անվտանգության ապահովմանը:
«Մենք մեր գործընկերների հետ շփումներում որոշակի դրական մոտեցումներ ենք տեսնում այդ թեմաների շուրջ, այնպես որ չի կարելի ասել, որ մենք հույս չունենք: Ի սկզբանե մենք ներդրում ենք ունեցել բանակցությունների հիման վրա պատերազմը դադարեցնելու գործում։ Մենք պատրաստ ենք նաև խաղաղության գագաթնաժողով անցկացնել, որին կմասնակցի նաև Ռուսաստանը»,- հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարի կարծիքով՝ Ռուսաստանն անխուսափելիորեն կհարգի Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. հակառակ դեպքում անհնար կլինի ապահովել այնպիսի խաղաղություն, որն առաջարկել է Անկարան:
Էրդողանի խոսքով՝ բանակցությունների ժամանակ կողմերն ընդգծել են իրենց աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը, շեշտել, որ պատերազմի բացասական հետևանքները տարածաշրջանի համար մեծանում են: Նախագահները վերահաստատել են Անկարայի և Կիևի ռազմավարական գործընկերությունը: Թուրքիայի նախագահը նաև վերահաստատել է իր երկրի աջակցությունը Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ հանդիպմանը շեշտը դրվել է խաղաղության բանակցությունների վրա, և որ ինքը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Շվեյցարիայում նախատեսվող գագաթնաժողովի մասին, հույս հայտնել, որ Թուրքիան ևս կմասնակցի հանդիպմանը:
Անդրադառնալով Ղրիմի թաթարների խնդրին՝ Զելենսկին նշել է, որ մինչ այժմ ոչ ոքի չի հաջողվել իրենց տները վերադարձնել Ղրիմի թաթարներին, վստահություն հայտնել, որ Էրդողանը կարող է դա անել:
Բանակցությունների ավարտից հետո ստորագրվել է արձանագրություն երկու երկրների միջև առևտրի ոլորտում համագործակցության մասին: