Վարչապետի «սրտի օլիգարխ», ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» գործարանում պայթյուն է եղել. պատահականությո՞ւն, թե՞ հերթական վրեժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական միջադեպն է եղել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի բոլորին հայտնի Շշի Մելոյի շուրջ։ Ինչ «մութ » գործերի մեջ է նախկին պատգամավորը, որ նրա շուրջ մշտապես միջադեպեր են գրանցվում։

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել: Հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից և Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:

Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում աշխատում են փրկարարները:

Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է:

Փլուզումը տեղի է ունեցել «Սարանիստ» շշերի գործարանի թիվ 2-րդ արտադրամասում, որտեղ փլուզվել է աղյուսե վառարանը, և մինչև հրշեջ-փրկարարների և Հատուկ փրկարարների ժամանումը՝ վիրավորներին օգնություն են ցուցաբերել գործարանի աշխատակիցները և իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Նշված գործարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ Շշի Մելոյին։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ նախկին պատգամավորի շուրջ նման միջադեպեր են գրանցվում:

Երևան-Սևան ճանապարհին 2019 թվականի օգոստոսի 2-ին տեղի էր ունեցել պայթյուն: Ցանկացել էին պայթեցնել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի մեքենան:

Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր էր համարել կատարվածը։
Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն էր եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։

Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, և ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել և պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնք արդարացվեցին,այսինքն դատարանը գտավ, որ նշված անձինք կապ չեն ունեցել նախկին պատգամավորի մեքենան պայթեցնելու հետ ու այդպես էլ մինչ օրս անհայտ մնաց, թե ինչ մութ գործերի մեջ է եղել պատգամավորը, որ ցանկացել էին նրան սպանել։ Եվ հիմա էլ պայթյուն տեղի ունեցավ նրան պատկանող շշերի գործարարնում, պատահականություն, տեխնիկական խնդիր, թե հերթական վրեժխնդրությունը նախկին պատգամավորի դեմ, հուսանք կպարզի քննությունը։

Ի դեպ պայթյունը եղել է հենց այն գործարանում, որտեղ 2021 թվականի հուլիսի 21-ին այցելել էր Նիկոլ Փաշինյանը ու այդ օրվանից Շշի Մելոն դարձավ Նիկոլ Փաշինյանի «սրտի օլիգարխը»։

Քնար Մանուկյան




Լրահոս