Երևանի ավագանին մարտի 12-ին արդեն վերջնական կընդունի տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը: Այն իրենից ենթադրում է մի քանի փաթեթներ, որոնք կսկսեն գործել թանկացումից հետո՝ տրանսպորտով ուղևորափոխադրումների համար:
Ըստ նախագծի սկզբունքի՝ մեկ տարվա կտրվածքով երթևկության համար նախատեսված է մեկ անձի համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ:
Ստացվում է՝ 1 ամսվա համար վճարվելու է 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը 5000 դրամ, 90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:
Նախագիծն առաջարկում է նաև տարեկան փաթեթ՝ 365 օրում անսահամանափակ երթևեկելու համար 90.000 դրամ:
Կանխիկ գումար չունենալու դեպքում՝ ուղևորին հնարավորություն է տրվում ուղեվարձը վճարել Telcell էլեկտրոնային համակարգով: Սակայն Telcell-ով վճարելու դեպքում էլ քաղաքացին պետք է ունենա նույնականացման դրամապանակ, որի բացակայության դեպքում էլ համակարգը տոմս գնելու թույլտվություն չի տալիս:
Նախագծի սկզբունքներն ուսումնասիրելով՝ հասկանալի է դառնում, որ, եթե նախագիծն ընդունվի, ապա քաղաքացիների մեծամասնությունը նախընտրելու է գնել էլեկտրոնային կրիչ՝ 90 հազար դրամի փոխարեն վճարելով 88 հազար:
Երևանի ավագանին նոր նախագիծ մշակելով՝ մոռացել է հետևել կանգառներին և ականատես լինել, թե ինչպես են քաղաքացիները ժամերով սպասում երթուղայինի կամ թե ինչպես են իրենց մի կերպ խցկում երթուղայինի մեջ և այդպես անգամ ժամեր տևող տուն կամ աշխատանքի տանող ճանապարհն անցնում: Երևանի հասարակական տրանսպորտի փոփոխման, բարելավման և համալրման արդյունքում պարզ դարձավ, որ հասարակական տրանսպորտային երթուղիները դեռևս լիարժեք չեն ապահովում քաղաքացիների սպասարկման որակը: Նախագծի ընդունելուց հետո չի բացառվում նաև, որ շատերը կնախընտրեն Taxi ծառայությունից օգտվել կամ էլ անձնական ավտոմեքենա ձեռքբերել:
Երևանի ավագանու կողմից մշակված նախագիծը չընդունելու համար՝ ընդիմադիր ավագանին և քաղաքացիները նույն օրը՝ մարտի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնելու Երևանի Քաղաքապետարանի դիմաց և պահանջելու են, որ նախագիծը չընդունվի:
Հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունեն քաղաքացիները նախագծի վերաբերյալ՝ ArmLur.am-ն այսօր շրջել է Երևանի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց մեկնաբանությունները:
Հարցված քաղաքացիները, միանշանակ, դեմ են նախագծի ընդունմանը: Շատերը պատրաստակամ են միանալու բողոքի ակցիային, իսկ մի մասն էլ գտնում է, որ ակցիան սպասված արդյունքը չի ունենալու՝ կարծելով, որ հանրության խոսքը հաշվի չի առնվում:
«Մենք մեր երկրում երրորդ-չորրորդ կարգի մարդ ենք մեզ զգում: Այսպես որ շարունակվի՝ կամ կգնանք ուրիշ երկիր, 7-րդ կարգի մարդ կդառնանք, կամ էլ ապրելու, շնչելու համար էլ կվճարենք ու մի նստելն էլ 1000 դրամ կդարձնեն»,- ասում է քաղաքացին:
ArmLur.am-ի հետ զրույցում 70-ամյա քաղաքացին ասում է, որ ինքն էլ է դեմ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, սակայն ցույցերին չի գնալու: Ասում է՝ «իմ տարիքը արդեն անցել է, որ ցույցի գնամ, երիտասարդները պիտի բողոքեն և իրենց ձայնը լսելի դարձնեն»:
Հարցված քաղաքացիներից մեկն էլ գտնում է, որ եթե այսպես շարունակվի, ապա ուղեվարձը մանաթով կվճարենք:
Նանիկ Աղասյան