Երևանցին ունի քաղաքապետարանին չենթարկվելու իրավունք, այսինքն՝ չվճարել այդ գումարները․ Իզաբելլա Աբգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, որով ուղեվարձը թանկանալու է։

Այս խնդրով ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ վաղը քաղաքապետարանի շենքի առաջ տեղի է ունենալու «Դեմ եմ տրանսպորտի թանկացմանը» ակցիան, որին ինքը ևս մասնակցելու է և հայտնելու է իր անհամաձայնությունը։

Այս հարցով ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրենց կուսակցությունը մասնակցելու է և հայտնելու է իրենց անհամաձայնությունը, ինչին ի պատասխան Աբգարյանն ասաց․

«Մենք վաղը նիստի ենք լինելու և բնականաբար այդ ժամին լինելու ենք այդտեղ, իհարկե կշփվենք մարդկանց հետ ու դա բնական է։ Դիրքորոշում, իհարկե, հայտնելու ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել և մենք միշտ էլ նույնն ենք կրկնում, որ 100 դրամից ավելը մեզ համար անընդունելի է, որ քաղաքացիներից գանձեն»։

Աբգարյանի խոսքով՝ տոմսը չի կարող 100 դրամից ավելի արժենալ և այս փաթեթները ձեռնտու են օրական 4 և ավել անգամ տրանսպորտից օգտվող մարդկանց, բայց մնացածի համար սա անհեթեթություն է։

Անդրադառնալով նաև տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերին, երբ տրանսպորտի թանկացման համար շատ հայտնիներ ցուցանակներով դուրս էին եկել պայքարելու 150 դրամի դեմ ՝Աբգարյանը ասաց․

«Այդ նույն մարդիկ, որոնք «օլիգարխների» դեմ էին պայքարում, այսօր շատ լավ էլ հարմարվել են այդ ամենի հետ, պարզապես նախկին համակարգը դարձրել են իրենցը և իրենց հիմա շատ հաճելի է այդ ամենը։ Սա ընդհանուր տրամաբանության մեջ է մտնում, որ որպես այդպիսին հեղափոխություն տեղի չի եղել, նրանք պարզապես տեղավորվել են աթոռների վրա և նույն համակարգը պահպանելով, նույն հենասյուների վրա, նույն մեթոդներով ընտրությունների գնալը նաև անիմաստ բան է դարձել։ Դրա համար ես չեմ զարմանում, որ նրանք լռում են, որ համաձայն են։ Նրանք մոռացել են, որ Քոչարյանին մեղադրում էին նույն բանի համար։ Հիմա իրենք են նույնը համարում նորմալ, այնպես որ պարզապես ժամանակը ապացուցեց, որ իրենք ոչ թե սկզբունքների համար էին պայքարում, այլ ուզում էին, որ այդ ամենը իրենցը լինի և իրենք անեն»։

Աբգարյանը նաև նշեց, որ երևանցիները թույլ չպետք է տան, որ այդ նախագիծը ընդունվի։

«Երևանցին պետք է «ոչ»-ը ասի, քանի որ օրենքը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից և երևանցիները ունեն իրավունք չենթարկվելու քաղաքապետարանի որոշմանը, այսինքն՝ չվճարել այդ գումարը»,- եզրափակելով զրույցը՝ ասաց Աբգարյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս