ArmLur.am-ին ահազանգում են քաղաքացիներն այն մասին, որ 15 համարի հասարակական տրանսպորտային երթուղու վարորդն անջատել է «Կանգ առ» կոճակը և ուղևորները ստիպված են լինում ծայրից ծայր գոռալու «Կանգնե՛ք, իջնող կա»:
Քաղաքացիները հայտնում են նաև, որ այլ տրանսպորտային երթուղիներում ևս նկատել են այդ խնդիրը:
ArmLur.am-ը, հասկանալու համար, թե որն է պատճառը, կապ է հաստատել Երևանի Ավտոբուս ՓԲԸ-ի շահագործման բաժնի պետ Խաչիկ Մալոյանի հետ: Նա նշեց, որ խնդրին տեղյակ է, և որ այն կապված է անսարքության հետ:
«Հիմնականում անսարքության խնդիր է, այդտեղ վարորդները մեղք չունեն: Անսարքությունն էլ առաջանում է հիմնականում այն պատճառով, որ ուղևորները երկար սեղմում են այդ կոճակը, թեև նրանք էլ մեղք չունեն, որովհետև հասկանալի է, որ ակամայից է ստացվում: Մենք տեղյակ ենք խնդրին, տվել ենք նորոգման, և կարճ ժամանակում կգործեն «Կանգ առ» կոճակները»,- ասաց Խաչիկ Մալոյանը:
Նանիկ Աղասյան