Եթե մենք այս ծրագիրը անենք միայն ԼՂՀ բնակիչների համար, լարում կառաջանա ՀՀ քաղաքացիների մոտ: Մենք ուզում ենք այնպիսի ծրագիր ստեղծել, որ միայն բռնի տեղահանվածներին չվերաբերվի: Մարդիկ կարող են ասել, թե ինչու մենք ծառայում ենք բանակում, բնակարանի խնդիր ունենք եւ պետական բյուջեի միջոցներից մեզ ոչինչ չեք տալիս:
3 մլն դրամը մենք դիտարկել ենք որպես բազային չափ, որի վրա կարող են լինել և կլինեն գործակիցներ: Ցանկեր կլինեն, որով պայմանավորված կավելանա գումարը: Օրինակ՝ զոհվածի ընտանիք է, ծառայող է, վիրավոր է եւ այլն: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ որոշում ունի՝ բռնի տեղահանված արցախցիներին փոխանցված միջազգային գումարների հետ կապված։
Հիշեցնենք, որ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս գումարները այլ կերպ ծախսել։ Նա սահմանել է թեորեմ, ըստ որի՝ չեն առանձնացվելու արցախցիները, իսկ գումարները ծախսվելու են ոչ թե հենց արցախցիների, այլեւ ՀՀ բոլոր անտուն քաղաքացիների համար։