Կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ․ ՀՀ ԱՆ-ն կոչ է անում պատվաստվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի` մարտի 11-ի դրությամբ, կարմրուկի 135 դեպք է գրանցվել Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կարմրուկի դեպքերի աճը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում սկսվել է 2023 թվականից և շարունակվում է նաև այս տարի:

Կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ, այլ խիստ վարակիչ հիվանդություն, որը շատ արագ տարածվում է չպատվաստված անձանց շրջանում: Կարմրուկով վարակված յուրաքանչյուր հինգերորդ երեխան (20%) կարիք է ունենում հիվանդանոցային բուժման:

Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ազգային օրացույցի համաձայն իրականացվում է կարմրուկի երկու դեղաչափ պատվաստում.

1-ին դեղաչափը` 1 տարեկանում,

2-րդ դեղաչափը` 4-6 տարեկանում:

Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով:

Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:




Լրահոս