ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԱՐՄՆՈՎ ԷԻՆ ՓԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ամեն հինգշաբթի, երեկ եւս բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն ու զինված ուժերում արդարադատության հաստատման համար պայքարող քաղաքացիական նախաձեռնությունները հերթական անգամ հավաքվել էին կառավարության շենքի մոտ:
Ակցիային մասնակցում էին նաեւ ՀԱԿ ակտիվիստներն ու «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, որոնց ձեռքում հետեւյալ մակագրություններով պաստառներ էին. «Սադիստ մարդասպաններն են նրանց հուսալի  հենարանը», «Հայրենի՛ք, պաշտպանի՛ր զինվորիդ», «Բանակն առանց մարդասպանների», «save our soldiers», «Ինքնասպանությունների բանակ» եւ այլն: Երբ ակցիայի մասնակից Վարդգես Գասպարին պարզեց «Բանակում սպանում, ինքնասպանում են, սպանվածի ծնողներին ահաբեկում, լռեցնում են» գրությամբ պաստառը, երկու ոստիկան մոտեցան  եւ կանգնեցին  ուղիղ վերջինիս դիմաց` փակելով պաստառը: Դրանից քիչ անց, երբ պաստառը վերցրեց 2010թ. հուլիսին բանակում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը`  Ծովինար Նազարյանը, ոստիկանները կանգնեցին Ծովինարի դիմաց: «Ինչպես տեսաք, երբ ես պաստառ էի պահել, այս երկու ոստիկանները եկան, կանգնեցին իմ առջեւ, իսկ հիմա, որ Ծովինարն է պաստառը պահել, գնացել են, նրա դիմաց են կանգնել: Ուրեմն նշանակում է, որ ոստիկանությունը ոչ թե վերապահություն ունի ինչ-որ անձի նկատմամբ, այլ վերապահություն ունի, որպեսզի արդարության ձայնը լռեցնի: Այսօր ոստիկանությունը կանգնած է նույն մարդասպանների կողքին, որոնք սպանում են բանակում: Ոստիկանությունը չի թողնում` ձայն բարձրացվի: Ինչո՞ւ են ծածկում պլակատը»,-իր դժգոհությունը հայտնեց Վարդգես Գասպարին:  
Այսպես մնալով մի քսան րոպե` Վարդգես Գասպարին եւ Ծովինար Նազարյանը փոխեցին իրենց տեղը` շենքի կենտրոնական հատվածից շարժվելով դեպի ձախ, սակայն ոստիկաններն այս անգամ չգնացին նրանց հետեւից: Քիչ անց Վ.Գասպարին, Ծ.Նազարյանը եւ նրանց միացած ակտիվիստ Լալա Ասլիկյանը փորձեցին նորից կանգնել իրենց հին տեղում, բայց բողոքավորների դիմաց այս անգամ արդեն կանգնեցին  երեք ոստիկաններ եւ մինչ ակցիայի ավարտը մնացին նույն տեղում: Ակնհայտ էր, որ ոստիկաններն ամեն կերպ փորձում էին իրենց մարմնով փակել անցանկալի գրություններով պաստառը, որպեսզի կառավարության անդամները, դուրս գալով շենքից, չկարդան այն:
Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանների նման պահվածքը, վերջիններս նշեցին, որ դա արվում է` անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին Վարդգես Գասպարին իրեն ինչպես կդրսեւորի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բանակում մահացած Նարեկ Գալստյանի հորաքույր Սուսաննա Գալստյանը տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է սպանված զինծառայողների ծնողներից մի քանիսին:
«Նախարարն իմ ներկայությամբ պատկան մարմիններին լիազորեց զբաղվել մեր խնդրով, եւ ես գոհ եմ նրա հետ հանդիպումից: Ես հավատում եմ, որ մեր խնդիրները մոտ ժամանակներս կլուծվեն, եւ եթե կան մեղավորներ, նրանք կստանան օրենքով սահմանված իրենց արժանի պատիժը»,-ասաց Սուսաննա Գալստյանը:
ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո մի քանի պաշտոնյաներ դուրս եկան կենտրոնական մուտքից, բայց նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով առաջին անգամ էր ներկա կառավարության նիստին, շենքը լքեց հետնամուտքից:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս