ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վանաձորի Պարույր Սևակի փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդը տանը կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել և իրացնելու նպատակով տվել 14-ամյա մի տղայի, որը երկու հասակակիցների հետ փորձել է դրանք իրացնել:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին 14-ամյա տղան ծնողի հետ հրավիրվել է Բազումի բաժին:
19-ամյա երիտասարդը և երեք պատանիները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Քրեական հետախույզները պարզել են, որ կեղծ փողով առևտուր հաջողվել էր անել Ուսանողական փողոցի շինանյութի խանութից. գնել էին 1500 դրամ արժողությամբ երեք դանակ և վերցրել 20 հազարի մանրը:
Պատանիները կեղծ թղթադրամով փորձել էին գնումներ կատարել նաև Աղայան փողոցի մթերային խանութից, սակայն վաճառողը 20 հազար դրամի մանր չէր ունեցել: Իսկ երբ փորձել էին գնումներ կատարել այլ խանութներից, վաճառողները նկատելով թղթադրամի կեղծ լինելը՝ նրանց դուրս էին արել: 14-ամյա տղան վախենալով, որ կբռնվի, պատռել և նետել էր թղթադրամը:
Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն:
Ոստիկանությունից հորդորում են զգույշ լինել կանխիկ առևտուր անելիս, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել իրավապահներին: