Կարելի է ուտել. Պահքի ընթացքում թույլատրելի խավարտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի երեսուներկուերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Մեղրով բանջարեղեն. Կտրատել ստեպղինը (գազար. բառն ունի արաբերեն ծագում և թրքերենից անցում է կատարել հայ իրականության խոսակցական շերտ), բրյուսելյան կաղամբը, սոխը և դդմիկը, շարել ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ: Կտրատելուց առաջ ստեպղինը կարելի է մի փոքր խաշել, որպեսզի մյուս բանջարեղեններին համաչափ եփվի, սակայն շատ չխաշել՝ որպեսզի շատ չփափկի: Բանջարեղենների վրան ավելացնել մի փոքր ձիթապտղի ձեթ, աղ և հալած մեղր ու 25-ից 30 րոպե եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում:

Գետնախնձոր ջեռոցում. Գետնախնձորը (կարտոֆիլ. բառը ռուսեր ծագում ունի և անցել է հայ իրականության խոսակցական շերտ) կտրատել օղակների և համեմել. ավելացնել ձիթապտղի ձեթ, աղ և պապրիկա, սխտորի փոշի, մի փոքր դարչնի և մեխակի փոշի, անանուխի և ծիթրոնի չորացրած թերթիկներ՝ փշրած: Դասավորել ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 40-ից 60 րոպե:

Ծաղկակաղամբ ջեռոցում. ծաղկակաղամբը կտրատել, 10-ից 15 րոպե թողնել եռացած ջրի մեջ, որպեսզի փափկի մի փոքր և մաքրվի, ապա ջրքամել և թողնել, որ չորանա: Ապա շարել ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ, ավելացնել մի փոքր ձիթապտղի ձեթ և 15-ից 25 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Հանելուց հետո վրան աղ, մի պճեղ ճզմած սխտոր և մի փոքր թարմ լիմոնի քամած հյութ ավելացնել:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս