ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պետք է ունենալ կամք»․ ինչ ռիսկեր է պարունակում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում բիզնեսի համար, ո՞ւմ կարող է այն վերաբերել, ի՞նչ օրենսդրական լուծումներ կան, այս եւ այլ հարցերի շուրջ երեկ հերթական քննարկումն էր կազմակերպվել «Մանթաշյանց» բիզնես ակումբում։
Բանախոսները «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության տնօրեն Մուշեղ Խաչիկյանը և ընկերության իրավական հարցերով փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանն էին։

Քննարկվող թեման արդիական և կարեւոր էր գործարարների համար, թերևս դրանով է պայմանավորված, որ ակումբի անդամները բազում հարցեր ուղղեցին բանախոսներին, քննարկեցին կոնկրետ դեպքեր, իրավիճակներ, լուծումներ։
«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության տնօրեն, փաստաբան Մուշեղ Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 5 ամսվա անդամակցության ընթացքում սա երկրորդ սեմինարն է «Մանթաշյանց» ակումբի անդամների համար, որի նպատակը գործարարներին առկա օրենսդրական կարգավորումների մասին իրազեկելն է։ Առաջին նման քննարկումը վերաբերում էր սնանկության վարույթին, երեկ կայացած քննարկումը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի առանձնահատկությունների մասին էր, իսկ երրորդ քննարկումը հավանաբար կկայանա ապրիլի վերջին, այն նորից կլինի սնանկության վարույթի մասին՝ հաշվի առնելով վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունները։
Փաստաբանը շատ արդյունավետ է համարում նման քննարկումները, գործարարները բավականին հետաքրքրված են եւ ակտիվորեն մասնակցում են նման ձեւաչափով հանդիպումներին։

Ընկերության իրավական հարցերով փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը նշեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը վիճահարույց է օրենսդրական լուծումների տեսանկյունից, օրենքի հիմնավորումները համարժեք չեն օրենսդրական լուծումներին, օրինակ՝ հիմնավորումներով արտացոլված է հանցագործությունների դեմ պայքարի խնդիրը, մինչդեռ օրենսդրական լուծումները նախատեսում են վարույթ նախաձեռնելու հիմքեր, որոնք որևէ աղերս չունեն հանցագործությունների հետ ընդհանրապես։ ՀՀ վաստակավոր իրավաբանը շեշտեց, որ այլ նպատակներով և այլ հիմքերով այս ինստիտուտի կիրառումը ոչ միայն չի բխում Սահմանադրությունից, այլև միջազգային իրավանորմերից։
Պրոֆեսորը մտահոգիչ համարեց այն, որ օրենսդրությունը բացառում է ընթացակարգային կանոնների խախտումների որևէ իրական հետևանք, այսինքն խնդիրն այն է, որ կոնկրետ քննակվող օրենքը որևէ հետևանք չի նախատեսում, իսկ մյուս օրենքները հետևանքներ են նախատեսում միայն խիստ սահմանափակ խախտումների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս