Մարիա Զախարովան մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցը, որի ժամանակ նա մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Հայաստանի որոշումը:

«Մենք տեսել ենք Հայաստանի ղեկավարության մեկնաբանություններն այս թեմայով։ Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով։ Դիվանագիտական ​​խողովակներով ոչինչ չենք ստացել։ Մենք հիմք ենք ընդունում այն, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ նշված հայտարարությունը հայկական կողմն արել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի ու հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին։

«Չեմ կարծում, թե նման նախաձեռնությունները բխում են Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից՝ հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնց ուղղությամբ ռուս և հայ սահմանապահներն արդյունավետ աշխատել են տարիներ շարունակ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։




Լրահոս