Այսօր ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Էյնշտեյնի (Այնշտայն) ծննդյան օրն է: Ծնվել է 1879-ի մարտի 14-ին Ուլմում: Համարվել է 20-րդ դարի ամենամեծ ֆիզիկոսը։14 տարեկան հասակում տեղափոխվել է Շվեյցարիա, ուր ավարտել է Ցյուրիխի պոլիտեխնիկումը։ Աշխատել է Պրահայոմ, Բեռլինում։ 1933-ին, հալածվելով Գերմանիայի ֆաշիստական կարգերից, տեղափոխվել է ԱՄՆ, ուր մինչև իր կյանքի վերջը աշխատել է Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ Նրա գիտական հանճարը փայլատակել է ժամանակակից ֆիզիկայի արմատական պրոբլեմների լուծման բնագավառներում։

Գիտության մեջ Էյնշտեյնի մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն էր, որն արմատապես փոխեց մեր պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Երբ 1921-ին Էյնշտեյնը Նոբելյան մրցանակի է արժանանում լույսի մասնիկի՝ ֆոտոնի տեսական հայտնագործության ու լուսաէֆեկտի երևույթի քվանտային տեսության ստեղծման համար, իրեն հատուկ հումորով զարմանում է, որ ինքն այդ մրցանակը պետք է ստանար դեռևս 1905 թվին, երբ ստեղծել էր հարաբերականության հատուկ տեսությունը։

Գիտության պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում, Իսահակ Նյուտոնի մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայից հետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձան ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը, որոնք ապահովեցին առաջատար դերը բնագիտության մեջ։ Նկատի ունենալով, որ մեծ գիտնականի ժառանգությունը վաղուց դարձել է գիտության սեփականությունը, կանգ առնենք միայն նրա այն հայտնագործությունների վրա, որոնց համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1905-ին, ելնելով հարաբերականության հատուկ տեսությունից, նա արտածել է միջուկային ֆիզիկայի մեջ արտակարգ կարևոր, մի հակիրճ, բայց բովանդակալից բանաձև, որը մտել է բոլոր դասագրքերի մեջ։

Մեծ նշանակություն ունի լույսի ճառագայթման քվանտային տեսությունը։ Նա տեսականորեն առաջադրել է լույսի մասնիկի՝ ֆոտոնի գաղափարը, որը փորձով հայտնագործվեց 1922 թվականին Ա. Քոմփթոնի կողմից։ Լուսաէֆեկտի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ (Հ. Հերց, Ա. Ստոլետով, Ֆ. Լենարդ և ուրիշներ), սակայն այդ ուշագրավ երևույթի քվանտային տեսության մշակումը տվել է Էյնշտեյնը։ Նա արտածել է լուսաէֆեկտի հիմնական հավասարումը, որը այլ բան չէ, քան էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը լուսաէֆեկտի գործընթացում։

Ծանոթանալով Էյնշտեյնի հետ, մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է մեծագույն գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Էյնշտեյնը չի հասկացել նրան, շփոթվել է։ Շոուն շարունակել է. «Պյութագորաս, Պտղոմեոս, Արիստոտել, Կոպեռնիկոս, Գալիլեյ, Կեպլեր, Նյուտոն, Էյնշտեյն»։

Էյնշտեյնը մահացավ 1955թ. ապրիլի 18-ին՝ 77 տարեկանում: Ալբերտ Էյնշտեյնի ցանկությամբ, իր մոխիրը քամուն տրվեց:




Լրահոս