Արևմտյան երկրները շարունակում են տարված լինել Ռուսաստանի պարտությամբ, ինչի մասին են վկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հավաքական Արևմուտքն ամբողջությամբ ավերել է եվրոպական անվտանգության համակարգը և տարված է Ռուսաստանին ռազմավարական պարտության տանելու գաղափարով: Բավական է մեջբերել Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու վերաբերյալ»,- ասել է նա։
Փետրվարի 26-ին Մակրոնն ասել է, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ արևմտյան մոտ 20 երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանի հետ հակամարտությունում Կիևին հետագա աջակցությունը, բարձրացվել է Ուկրաինա արևմտյան երկրների զորքեր ուղարկելու թեման։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ մասնակիցները չեն կարողացել կոնսենսուսի հասնել այս հարցում, սակայն նման սցենարը չի կարելի բացառել ապագայում։
Համաժողովից հետո հանդիպմանը մասնակցող երկրների մեծ մասի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա, և առավել ևս դեմ են Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին իրենց մասնակցությանը։