Դարեր ի վեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր մեծ ավանդն է ունեցել հայ իրականության, պետականության կերտման, մշակույթի պահպանման և արժեքների ձևավորման հարցում:
Այն իր ուրույն ներդրումն ունի հայ ազգային ազատագրական պայքարներում, առաջին (1918) և երկրորդ հանրապետությունների (1991) հիմնադրման, ինչպես նաև արցախյան երեք պատերազմների ընթացքում հայրենիքի պաշտպանության գործում:
Հայ Առաքելական եկեղեցին մեծ ավանդն ունի հատկապես հայ մշակույթի, գիտության և կրթության ոլորտների զարգացման գործում, որից զատ առանձնանում է նաև հենց Հայ եկեղեցու մշակույթն ու ավանդությունը: Այն առանձնանում է նաև իր լուռ և խոհեմ շքեղությամբ ու «արտաքին տեսքով»:
Խոսելով եկեղեցու «դեմքի» մասին, պետք է նշել, որ կարևոր տեղ է զբաղեցնում հայ հոգևորականի արտաքին տեսքը՝ հանդերձանքը:
Եկեղեցականները՝ դպիրից մինչև կաթողիկոս, թե՛ սրբազան արարողությունների ժամանակ, և թե՛ առօրյա կյանքում կրում են իրենց աստիճանին և արարողությանը համապատասխան զգեստներ: Եկեղեցական զգեստները առօրյա աշխարհիկ հագուստից սկսել են տարբերվել միայն 4-րդ դարում, երբ քրիստոնեությունը դարձել է ազատ կրոն: Ավանդության համաձայն հայ եկեղեցու սպասավորների զգեստները մինչև 12-13-րդ դարերը եղել շատ պարզ, ապա ձևավորվել Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիների զգաեստների հիման վրա՝ հարմարեցվելով հայ եկեղեցուն և հայ մշակույթին: Հատկանշական է, որ, ի տարբերություն այլ եկեղեցիների, Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները զգեստների հարցում գույնի սահմանափակում չունեն, սակայն դրանց ճոխությունը կախված է դրանց կիրառման բնույթից:
Եկեղեցական զգեստները մինչ գործածվելը օրհնվում են, քանի որ պետք է ծառայեն նվիրական, սուրբ նպատակի համար: Կան երկու տեսակի զգեստներ՝ ընդհանուր զգեստներ, որոնք կրում են առօրյա եկեղեցական կենցաղում և աստվածապաշտական զգեստներ, որոնք կրում են ծիսակատարությունների ժամանակ:
Ընհանուր զգեստին մաս են կազմում սքեմը, վեղարը և փիլոնը: Սքեմը կրում են եկեղեցու բոլոր սպասավորները՝ սարկավագից մինչև կաթողիկոս: Այն ամենօրյա հանդերձանք է, որը կոչվում է վերարկու կամ սքեմ և կարվում է սև պարզ կտորից: Վեղարը կուսակրոն հոգևորականների զգեստի գլխադիրն է, որով նրանք տարբերվում են ամուսնացյալ քահանաներից: Ենթադրվում է, որ վեղարը գործածության մեջ է մտել 11-րդ դարից հետո, քանի որ մինչ այդ, այն մատենագրության մեջ չի հիշատակվում: Առանձնահատուկ է Ամենայն հայոց կաթողիկոսի վեղարը, որի ճակատային հատվածում ադամանդակուռ խաչ կա: Ամենօրյա զգեստին մաս է կազմում նաև փիլոնը, որը մարմինը փաթաթող և կրծքի վրա ճարմանդով ամրացվող սև կտավե զգեստ է: Այն գործածվում է ժամերգությունների և արարողությունների ժամանակ: Ծայրագույն վարդապետները և եպիսկոպոսները, այդ թվում կաթողիկոսը՝ որպես պատվո նշան կրում են մանուշակագույն ծաղկյա, իսկ վարդապետները՝ սև ծաղկյա փիլոններ։ Հայրապետական կոնդակով սև ծաղկյա փիլոնները, որպես պատվո նշան, շնորհվում են նաև ավագ քահանաներին:
Դպիրների, կիսասարկավագների և սարկավագների համար աստվածապաշտական զգեստի մաս են կազմում շապիկը՝ մինչև կոշիկները հասնող զգեստը, ուրարը՝ 3 մետր երկարությամբ գունավոր և ծաղկավոր երիզը, որը կրում են ձախ ուսին և խորհրդանշում է սպասավորի կարգավիճակը. նա դեռևս ամբողջությամբ Աստծո լուծն իր վրա կրելու պատրաստ չէ և բազկուրարը, որը ուրարի փոքր տարբերակն է՝ նախատեսված ձախ դաստակին կրելու համար:
Քահանայի, եպիսկոպոսի և կաթողիկոսի զգեստներին մաս են կազմում հողաթափը, որը Սուրբ Պատարագի ժամանակ խորան բարձրանալիս կրում են թե՛ պատարագիչը և թե՛ խորհրդակատարության ժամանակ նրան սպասարկող խոնարհ դասի աստիճանավորները, սաղավարտը, որը Հիսուս Քրիստոսի կրած փշե պսակը խորհրդանշող գլխանոցն է, շապիկը, փորուրարը, գոտին, թաշկինակը, բազպանները, վակասը և շուրջառը, որը հանդերձանքն ամբողջացնող անթև վերարկու է. այն կրծքի վրա ամրանում է մետաղե զույգ ճարմանդով:
Եպիսկոպոսները քահանայական զգեստներից բացի սաղավարտի փոխարեն կրում են խույր կամ թագ, արտախուրակներ, որոնք խույրի ետևից իջնող ծոպեր են, եմիփորոն՝ լայն ուրար և գավազան։
Հայրապետական զգեստը, որով այն առանձնանում է մյուս սպասավորների զգեստներից, ներառում է կոնքեռ: Այն ասեղնագործ, խաչակիր ոսկեթել զարդ է, որը կախվում է հայրապետի գոտուց:
Զգեստին մաս կազմող նվիրական առարկաներից է մատանին, որը նորընծա եպիսկոպոսին տրվում է ձեռնադրության ժամանակ. այն իշխանության նշան է, որը կրում են աջ ձեռքի ճկույթ մատին, իսկ կաթողիկոսը՝ աջ ձեռքի մատնեմատին: Նվիրական առարկաներից են լանջախաչն ու պանակեն, որոնցից վերջինս կրում են միայն կուսակրոն հոգևորականները և Ձեռաց խաչը, որը հոգևորականները օգտագործում են արարողությունների և ծիսակատարությունների ժամանակ:
Հոգևորականների զգեստներն իրենց տեսաքով, ասեղնագործությամբ և գույներով գրեթե կրկնում են հայ մանրանկարչությունում ու ճարտարապետությունում առկա նախշերն ու գույները: Դրանք շարունակում են հմայք հաղորդել Հայ եկեղեցուն և հոգևոր մեծ ազդեցություն թողնել հավատավոր ժողովրդի շրջանում:
Հուրի Բաղդասարյան