Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Միստր X-ի մենահամերգը Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում կլինեն հետաքրքիր անակնկալներ` դուետների տեսքով, բոլորովին նոր, ինչպես նաեւ նեապոլիտանական երգեր: Բազմալեզու (իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն) եւ բազմաժանր համերգ է սպասվում:
-Շատ եք շրջագայել, տարբեր դահլիճներում եք հանդես եկել, ի՞նչ եք կարծում, մեր տեխնիկական պայմանները բավարա՞ր են: Եւ ինչո՞ւ Արամ Խաչատրյան համերգասրահ եւ ոչ մարզահամերգային համալիր:
-Պայմաններն, իհարկե, կատարյալ չեն, բայց որոշակի միջոցներ ձեռնակելուց հետո հասնում են բավարար աստիճանի: Նախընտրում եմ Ա.Խաչատրյան համերգասրահը, միգուցե պատճառներից մեկն էլ այն է, որ առաջին մենահամերգս էնտեղ է եղել, մենահամերգիցս 10 օր առաջ էլ արդեն տոմս չկար: Ինձ համար շատ ավելի լավ է տոմսերը շուտ սպառվեն, քան մեծ դահլիճ վարձակալեմ, հետո էլ մտածեմ, թե ինչ եմ անելու:
-Վերջերս Հայաստանից մի քանի երգիչներով մեկնել էիք Կանադա: Ի՞նչ համերգ էր:
-Մոնրեալում նշում էին Հայաստանի անկախության 20-ամյակը, մեզ հետ էր նաեւ Հայաստանի ջազ բենդը, Արմեն Մարտիրոսյանն էլ Վանկուվերից միացավ մեզ: Շատ գեղեցիկ համերգ ունեցանք: Ես էի, Եվա Ռիվասը, Ալլա Լեւոնյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Նարինե Դովլաթյանը: Համատեղ համերգ էր կանադացի երգիչների հետ: Համերգի վերջում միասին կատարեցինք Արմեն Մարտիրոսյանի գրած «Ողջույն, Հայաստա՛ն» երգը: Հայ երգիչները երգում էին ֆրանսերեն հատվածները, ֆրանսիացի երգիչները` հայերեն:
-Տարվա մեծ մասը Հայաստանում չեք լինում: Ինչպե՞ք եք համատեղում այստեղի եւ դրսի գործերը:
-Հիմնական նպատակս ու երազանքս եղել է միջազգային ասպարեզ դուրս գալը, որ իմ ունկնդիրների շրջանակը չսահմանափակվի միայն Հայաստանի հայերով: Շատ եմ ուզում, որ իմ կատարումները լսեն տարբեր ազգերի ներկայացուցիչները:
-Դրսի շուկան գրավելն այդքան հե՞շտ է:
-Այն, ինչ հեռվից է երեւում, շատ հեշտ է, բայց երբ մոտենում ես, տեսնում ես, որ ամեն բան շատ դժվար է: Շատերին թվում է, թե, օրինակ, ԱՄՆ-ում կարող են հեշտությամբ հասնել ինչ-որ բաների: Ասեմ` դա պարզապես խաբկանք է: Ամբողջ աշխարհն է ցանկանում հավաքվել այնտեղ, հետեւաբար, մրցակցությունն էլ մեծ է: Եւ դու պետք է առանձնահատուկ լինես, շատ ուժեղ մնացածից, որ քեզ առավելություն տան: Դրա համար շատ աշխատանք է պետք, ճաշակ, որոնողական ինչ-որ բան, այդ ամենին գումարած ե՛ւ ժամանակ, ե՛ւ ֆինանս:
-Ի դեպ, ամերիկյան դեսպանատան հետ ունեցած Ձեր խնդիրները լուծվեցի՞ն:
-Լավ էլ տեղեկացված եք: Դեռ ընթացքի մեջ է, աշխատանքներ են տարվում: Աստված առաջ, հունվարին կամ փետրվարին կմեկնեմ ԱՄՆ` համերգներով:
-Որքանով ես տեղյակ եմ, դեսպանատան հետ ունեցած Ձեր խնդրի պատճառն ինչ-որ թղթի բացակայությունն է եղել:
-Անհեթեթ մի բան էր ստացվել փաստաթղթերիս հետ, մեծ կրիմինալ չի եղել: Կարծում եմ` ոչինչ չի խանգարի ինձ կրկին մեկնել ԱՄՆ, որովհետեւ այդ երկիրն ինձ համար 2-րդ հայրենիքի նման է: Իմ առաջին մենահամերգներն այնտեղ եմ ունեցել: ԱՄՆ-ն ես տեսել եմ լիմուզինի պատուհանից, օդանավակայանից ինձ էդպես են դիմավորել: Միանգամից գնացել եմ Բեւերլի Հիլզ, ամենալավ թաղամասերը, շատ լավ համերգներ եմ ունեցել այնտեղ: Թողնել այդ ամենը շատ սխալ կլինի:
-Միացյալ Նահանգների փոխարեն հիմա շատ հաճախ Կանադայում եք լինում:
-Կանադան շատ եմ սիրում, կուզենայի այնտեղ ապրել, բայց աշխատել կնախընտրեի ԱՄՆ-ում, շոու բիզնեսի համար Լաս Վեգասը լավ տեղ է:
-Ենթադրում եմ, որ դրսի հետ կապված Ձեր հետաքրքրությունը նաեւ ֆինանսական շահերից է բխում: Գաղտնիք չէ, որ այստեղից երգիչ-երգչուհիները մեկնում են արտերկիր, այնտեղ գումար վաստակում, հետո վերադառնում եւ այստեղ ծախսում վաստակածը:
-Ես մի ուրիշ բան ասեմ: Այնտեղ համերգների տեսքով են ելույթները, գումարներն էլ այդքան մեծ չեն, ինչքան որ էստեղ, որտեղ շոու բիզնեսը հարսանեկան մթնոլորտ ունի: Հայաստանում մարդիկ գնում են, հարսանիքին 500-1000 դոլարով երգում են, արտասահմանում այդպիսի բան չկա: Այդ նույն գումարով ես կբերեմ միջազգային ճանաչում ունեցող երգիչների: Դրսի հարսանիքներում այդպիսի գումարներ չկան: Էստեղ քեֆ-ուրախության շրջանակներում երգիչները շատ ավելի լավ են վարձատրվում: Ուղղակի էստեղ համերգներ են քիչ լինում:
-Իսկ ինձ թվում էր` դրսում էլ են տարբեր միջոցառումներին երգում:
-Չգիտեմ` ով ինչպես, ես ավելի շատ համերգային ծրագրով եմ գնում: Եթե լինում է Ձեր ասած որեւէ միջոցառման հրավեր, համաձայնում եմ միայն այն դեպքում, երբ դա չի վնասում իմ իմիջին:
-Գործնական հարցերից անցում կատարենք անձնականին: Այս տարի նշանվեցիք, իսկ հարսանիքը ե՞րբ է:
-Նշանվեցինք հարսնացուիս ծննդյան օրը, չէի ուզենա, որ այդ ամենն այդքան մեծ հնչողություն ունենար, բայց… հարսանիք դեռ չի եղել: Հարսանիք առայժմ չենք պլանավորում:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԱՄՆ-Ն` ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՐԵՆԻՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ