Միրզոյանն ու Ֆիդանը վերահաստատել են Հայաստան-Թուրքիա սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար Թուրքիայի հետ սահմանը բացելու պայմանավորվածությունը վերահաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Միրզոյանը հիշեցրեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մասնակիորեն՝ այսինքն` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վերաբացել Հայաստան-Թուրքիա սահմանը:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասին: «Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որ տեսնենք, թե ինչպես է այդ աշխատանքը հնարավոր ամենաօպտիմալ կերպով կազմակերպել: Ցավոք, մյուս պայմանավորվածությունը՝ մասնակի բացումը, մինչև այժմ իրականացված չէ: Թեև այս մասին պայմանավորվածությունը նաև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել»,-ասաց նախարարը:

Միրզոյանը հիշեցրեց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակում հարցազրույցներ է տվել թուրքական լրատվամիջոցներին: «Մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների հետ, այլ նաև թուրք հասարակության հետ: Տեսնում ենք, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը: Եվ կարևոր են մեր դիրքորոշումներն, ընկալումներն՝ այդ թվում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել թուրք գործընկերներին, նաև հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,-նշեց նա:




Լրահոս