Պետությունն ամբողջությամբ կմարի քաղաքացու տան հիպոտեկային վարկը, եթե տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը և այն կառուցվի սահմանամերձ բնակավայրերում: Պարզելու համար արդյոք քաղաքացիները հետաքրքրված են պետության կողմից առաջարկվող ծրագրին՝ ArmLur.am-ը կապ է հաստատել Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ:
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում ընդգրկված են Վայոց Ձորի 6 բնակավայր՝ Արենի համայնքի Արենի և Խաչիկ բնակավայրերը, Վայք համայնքի Բարձրունի, Նոր Ազնվաբերդ, Սերս և Խնձորուստ բնակավայրերը:
Մարզպետ Կոլյա Միքայելյանի խոսքով՝ Վայոց Ձորի մարզում 13.03.2024թ. դրությամբ Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում ծրագրից օգտնվելու համար դիմել են 8 քաղաքացի, որոնցից դեռ ոչ մեկը թույլտվություն չի ստացել և դեռ չկա մեկնարկված շինարարական աշխատանքներ: Սերս բնակավայրի համար դիմել են 2 քաղաքացի, որոնցից մեկն է այս պահին թույլտվություն ստացել, սակայն դեռ շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն չեն ստացել: Նոր Արզնաբերդում դիմել են 3 քաղաքացի, Խնձորուստում՝ 5 քաղաքացի, որոնցից մեկն է դեռ թույլտվություն ստացել: Փոքր-ինչ շատ են դիմողների թիվը Արենի համայնքում: Ծրագրից օգտվելու համար՝ Արենի համայնքի Արենի բնակավայրում դիմել են 69 քաղաքացի, որոնք բոլորն էլ ստացել են թույլտվություն, 41-ը արդեն իսկ ստացել են համապատասխան վարկը և բնակավայրում սկսված է 27 բնակարանի շինարարական աշխատանքները: Խաչիկ համայնքում դիմել են 10 քաղաքացի, բոլորն էլ թույլտվություն ստացել են, 6-ը՝ վարկ ստացել: Խաչիկ բնակավայրում այս պահին մեկնարկված է մեկ տան կառուցման աշխատանքներ:
«Ակնկալվում է, որ մինչև ծրագրի ավարտը՝ 2025թ. դեկտեմբերի 30-ը, շահառուների թիվը կավելանա: Դրան կնպաստի Խաչիկ բնակավայրի 77 քաղաքացու վարկային պարտավորությունը մարելու մասին ՀՀ Կառավարության 29.02.2024թ. որոշումը»,- հավելեց Կոլյա Միքայելյանը:
Նույն հարցումով դիմել ենք նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, ով նշեց.
«Սյունիքի մարզպետի աշխատակազմը սահմանամերձ գյուղական բնակավայրերում 16 մլն դրամ պետական աջակցությամբ տուն կառուցելու դիմումներ չի ընդունում, հետևաբար, ծրագրին դիմողների մասին տեղեկություններ տրամադրել չենք կարող»:
Հիշեցնենք, որ ծրագիրը գործում է Սյունիքի մարզի գ. Ագարակ, գ. Գեղանուշ, գ. Գոմարան, գ. Դավիթ Բեկ, գ. Դիցմայրի, գ. Եղվարդ, գ. Խդրանց, գ. Կաղնուտ, գ. Ներքին Հանդ, գ. Շիկահող, գ. Սզնակ, գ. Սյունիք, գ. Սրաշեն, գ. Վարդավանք, գ. Ուժանիս, գ. Ճակատեն, գ. Ծավ, գ. Բարգուշատ, գ. Խորձոր, գ. Խնձորեսկ, գ. Քարահունջ, գ. Հարթաշեն, գ. Ձորակ, գ. Ներքին Խնձորեսկ, գ. Աղբուլաղ, գ. Շուռնուխ, գ. Որոտան, գ. Վանանդ, գ. Բարձրավան, գ. Տեղ, գ. Արավուս, գ. Խնածախ, գ. Խոզնավար, գ. Կոռնիձոր, գ. Վաղատուր, գ. Քարաշեն, գ. Խոտ բնակավայրերում:
Նանիկ Աղասյան