ArmLur.am-ը հաճախ է բողոքներ ստանում Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչներից: Խնդիրը կայանում է նրանում, որ շատ բնակիչներ չեն կարողանում աշխատանք գտնել իրենց մարզում և ստիպված են մեկնել այլ երկիր աշխատանքի՝ հեռու լինելով իրենց ընտանիքից:
«Էն ժամանակ բանկեր կար, հիմա կեսը փակեցին, տարան Աշտարակ, էդ ոլորտի մարդիկ մնացին անգործ ու տենց լիքը տարբեր աշխատատեղեր: Հենց քաղաքի մեջ գոնե մի մասը կարողանում ա գործ գտնել, բայց գյուղերում ընդհանրապես գործի տեղ չկա, էդ մարդիկ են հիմնականում ստիպված գնում այլ երկիր: Թալինը ոնց որ աշխարհից կտրված մի կետ լինի»:
ArmLur.am-ը կապ հաստատեց Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկվում աշխատատեղեր ստեղծելու համար.
«Առհասարակ ամբողջ Հայաստանում կա աշխատատեղի խնդիր: Ես 1 տարի է համայնքի ղեկավար եմ և փորձում եմ շատ տարբեր հանդիպումներով այնպես անել, որ աշխատատեղեր բացվի: Չեմ ուզում խոսակցությունից առաջ ընկնել, հիմա այն փուլում ենք, որ տրիկոտաժի արտադրամաս ենք փորձում բացել»,- ասաց նա:
Տավրոս Սափեյանը մեզ հետ զրույցում չցանկացավ այլ մանրամասներ հանրայնացնել, սակայն նշեց, որ տարբեր մարդկանց հետ բանակցությունների մեջ է աշխատատեղերի բացման գործով:
Էմմա Մարտիրոսյան