«ԴԱ ՄԻ ՍՈՒՐ ՍԱՅՐ Է, ՈՐԻ ՎՐԱՅՈՎ ՆԱ ՔԱՅԼՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Դավիթ Խաժակյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է ԵՄ անդամակցության, ՀԱՊԿ-ի հետ տարաձայնությունների մասին:

 

-Պարո՛ն Խաժակյան, Հայաստանը քաղաքական լրջագույն շրջադարձերի փուլում է կարծես, ու տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները իրոք պատրաստվում են աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության գնալ. հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է: Ձեզ համար հասկանալի՞ է ՀՀ իշխանությունների քայլերի բովանդակությունը:

-Իհարկե, ընդհանուր տրամադրությունները իշխանության հասկանալու համար կարելի է տարբեր պատգամավորների խոսքեր լսել, բայց չեմ կարծում, թե արտաքին քաղաքականության իրացման ընթացքում իմաստ ունի հենվել պատգամավորների  խոսքերի վրա: Հասկանալի է, որ հիմնական քաղաքական գիծը ընտրում է վարչապետը, եւ պետք է հասկանալ՝ իր պատկերացումներն ինչպիսին են: Առայժմ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին չի հնչել, բայց, իհարկե, խոսույթի փոփոխություն կա. եթե մեկ տարի առաջ ասվում էր՝ մենք վախենում ենք, որ ՀԱՊԿ-ը դուրս չգա այս տարածաշրջանից, հիմա ասում են՝ դե եթե պետք լինի, դե ֆակտո սառեցված է, դե յուրե էլ կսառեցվի:  Ենթադրելի է, որ խոսքը գնում է դուրս  գալու մասին, բայց եթե մենք մի քիչ սպեկուլյատիվ փորձենք մտածել՝ ի վերջո պատրաստ է դրան իշխանությունը, պատրաստ չէ, ո՛չ, կարծում եմ, ներքին տիրույթում է ընկալվում, ո՛չ էլ արտաքին:

-Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այս հայտարարությունը՝ ասում է՝ ըստ էության սառեցված է, ՀԱՊԿ-ի նիստերին չի մասնակցում հայկական կողմը:

-Այո, դա սաբոտաժի մի տեսակ է, որը, իհարկե, կապված է ՀԱՊԿ-ի՝ իր պարտականությունները չկատարելու հետ, եւ սաբոտաժով Փաշինյանը փորձում է նաեւ աջակցություն բերել Արեւմուտքից, որը մասնակի ստացվում է, բայց դա մի սուր սայր է, որի վրայով նա քայլում է, որտեղ պետք է շատ ճշգրիտ գործողություններ անել, որովհետեւ, իհարկե, դու կարող ես նման դեմարշեր իրականացնել եւ որոշակի օգուտներ ստանալ, բայց կտրուկ շարժումներն այստեղ վտանգավոր են: Այդ գործողություններն էլ իրենց հերթին պետք է հիմնավորված եւ ճիշտ պահին լինեն: Միշտ չէ, որ մի բան ճիշտ է անել հենց այդ  պահին. պահի գործոնը քաղաքականության մեջ շատ կարեւոր է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԴՐՎԱԾ Է ՀՀ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

«Առանց չափազանցնելու, այս օրերին դրված է Հայաստանի պետականության գոյության հարցը»,- մարտի 5-ին՝ Չարենցավանում հանրության հետ հանդիպման ժամանակ, նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Հայաստանի շուրջը ձեւավորվել է նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով իրավիճակ, եւ պետք է քննարկել դրանից դուրս գալու ուղիները:

 

«Ցավոք, այն խնդիրները, որ մենք դրել ենք մեր առջեւ, դեռեւս լուծված չեն, ծանրագույն մարտահրավերները կանգնած են մեր առջեւ: Պատերազմից հետո ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու, երկիրը պետական, ազգային դիմագիծ վերադարձնելու համար իշխանությունը, որը բերեց պարտություն, պետք է հեռանա: Նախորդ 3,5 տարիների ընթացքում մեր գլխավոր օրակարգը եղել է իշխանափոխությունը, քանի որ այս իշխանությունների դեպքում հնարավոր չէ ստեղծված իրավիճակից դուրս գալ: Միակ ելքը սրանից ազատվելն է: Ցավոք, մեր օրակարգը մեծ համաժողովրդական աջակցություն չի ստացել:

Թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո արդեն, Հայաստանի տարածքային պահանջներից զատ, դնում է ինքնության ոչնչացման խնդիր: ՀՀ իշխանությունները, սրան դիմագրավելու, դիմադրելու, սահմանները պաշտպանելու փոխարեն, հետեւողականորեն կատարում են Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները:

Բացի դրանից, այս իշխանությունների արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ազդեցությունների բախման գոտի: Հայաստանի ղեկին ոչ հայկական իշխանություններ են, որոնք շարունակում են թշնամական ծրագրերը»,-ասաց Սաղաթելյանը: Խոսելով նոր Սահմանադրություն ընդունելու իշխանության ծրագրերից՝ նա ասաց, որ դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է, եւ դա կործանման ճանապարհ է: «Մենք պետք է կազմակերպենք ժողովրդին, դուրս գանք պայքարի եւ այդ հանրաքվեն վերածենք այս իշխանության անվստահության հանրաքվեի եւ դրանից անմիջապես հետո հասնենք իշխանափոխության: Մենք նույնիսկ չպետք է թույլ տանք, որ այդ հանրաքվեն տեղի ունենա: Սա մեկ ճանապարհ է:

Երկրորդը՝ գիտեք, որ Ադրբեջանի հետ քննարկվում է կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրման հարց: Սա ներկայացնում են իբրեւ խաղաղության պայմանագիր: Այդ փաստաթղթին մենք ծանոթ ենք: Դա խաղաղության հետ կապ չունեցող փաստաթուղթ է, այնտեղ չկա որեւէ կետ, որ մեր օգտին է: Այդ փաստաթղթով Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի 29 800 քկմ տարածքը: Դրանով նույնիսկ սահմանագծման եւ սահմանազատման հարցը չի լուծվում, դա թողնում են հետագային: Կարճ ասած, դա մի փաստաթուղթ է, որով Արցախի օկուպացիան փորձում են լեգիտիմացնել, եւ դրանով չի զսպվում Ադրբեջանի հետագա ագրեսիան»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ այսօր չկա որեւէ փաստաթուղթ, որով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: «Արցախն այսօր էթնիկ զտման հետեւանքով թշնամու ենթակայության տակ է: Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունները իրավական ու լեգիտիմ հիմք չեն: Դրա համար է Ադրբեջանը շտապում, որ ունենա իրավական փաստաթուղթ, որը կվավերացվի նաեւ ՀՀ ԱԺ-ի կողմից, որ օրինականացնի արցախահայության նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը: Եթե այս ամենին լինի համարժեք հակազդեցություն, մենք միասնաբար սա կկանխենք»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

 

 

 

 

ԵՄ-Ն ՍԱՏԱՐՈՒՄ Է

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն ու տեւական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին իրենց հանձնառության համաձայն:

ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն եւ կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում: ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փախստականների եւ տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ եւ կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության:

Բացի այդ, տեղի բնակչության մշակութային ժառանգությունը եւ սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն եւ երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարեւոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը»:

 

 

 

 

ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՐ

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, նախկին ԱԳ նախարար եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին նախագահ Հիքթեթ Չեթինը սկանդալային հայտարություն է արել լրատվամիջոցի հետ հարցազրուցում։

Թուրքական Artigercek-ի հետ զրույցում Հիքմեթ Չեթինը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է հասարակությանը ներկայացներ Դերսիմի կոտորածները եւ 1915-ի դեպքերը։ Նա նշել է, թե պետությունը պետք է նշեր, որ շատ տխրեցնող դեպքեր են տեղի ունեցել, եւ ներողություն խնդրեր։

Հիքմեթ Չեթինը հիշեցրել է, որ իր՝ որպես ԱԳ նախարար պաշտոնավարման ժամանակ է Հայաստանը անկախացել, եւ Թուրքիան առաջին երկրներից է եղել, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը։

 




Լրահոս