ՆՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես իմ հաճախորդներին լավ եմ ճանաչում»Սերժ Սարգսյան, 2007 թ.2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում, երբ այսօրվա  իշխանությունները կանգած էին լինել, թե չլինել հարցի առջեւ,  Սերժ Սարգսյանը ստիպված եղավ դիմակազերծել իր «հաճախորդներին»` վախենալով, որ  վճռական պահին նրանք կարող են կանգնել Լեւոն Տեր- Պետրոսյանի կողքին: Արդյունքում` Սարգսյանի կողմից «դհոլ» ու «իդիոտ» որակված Արտաշես Գեղամյանն ու Վազգեն Մանուկյանն, ըստ էության, հրապարակայնորեն ընդունեցին այդ որակումների իսկությունը` դառնալով  դրանց հեղինակի  կամակատարներն ու գովերգակները: Նրանց  միացավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից «ազգի դավաճան» որակված  Արթուր Բաղդասարյանը, որը շատ արագ հասկացավ, որ   հանրահավաքի ընթացքում Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի տանիքին իր աչքին երեւացած  քիլլերն իրականում իշխանության կողմից մեկնված համագործակցության շա՜տ երկար ձեռքն է ու շտապեց  սեղմել այն: Եվ եթե   այս շարքին ավելացնում ենք մնացած   պակաս նշանակալի «հաճախորդներին»` ի դեմս  Արշակ Սադոյանի եւ  Շավարշ Քոչարյանի, ապա պարզ է դառնում, որ 2008թ. ընտրություններից հետո հաճախորդների գրեթե ողջ բանկը սպառվել է: Սակայն քանի որ գալիք ընտրություններում իշխանություններին կրկին անհրաժեշտ են լինելու «հաճախորդների» մատուցած ծառայությունները, իսկ ֆիզիկապես եւ բարոյապես մաշված հին գործիչներն  այլեւս վերջնականապես  շարքից դուրս են եկել, սկսվում է նոր հաճախորդների «քասթինգը», որի ամենախոստումնալից մասնակիցն առայժմ համարվում է Տիգրան Կարապետյանը: ԱԼՄ-ի եթերում տարիների ընթացքում իր հռետորական վարպետությունը թրծած եւ որոշակի իրական  ընտրազանգված ունեցող  Կարապետիչն առայժմ բավական հաջող  կատարում է   ընդդիմադիր զանգվածի տրոհման գործառույթը: Գիտակցու՞մ է արդյոք Կարապետիչն իրեն վերապահված դերը, դժվար է ասել: Առայժմ նա, իր նախորդների պես,  կարծես թե հավատում է, որ  ինքն է իր քաղաքական ապագայի կերտողը:  Սակայն դա միայն առայժմ` «քասթինգի» առաջին փուլում: Քանի որ, եթե առաջիկայում էլ Կարապետիչը շարունակի արդարացնել իշխանությունների սպասելիքները, եւ Սերժ Սարգսյանը որոշի հենց նրա վրա կատարել հիմնական խաղադրույքը, ապա կայարանցի տղա Տիգրան Կարապետիչին  մանրամասն կբացատրեն  նրան վերապահված  գործառույթները` հընթացս նրա կայարանյան անցյալից մի քանի դրվագ հիշեցնելով: Իսկ եթե այնուամենայնիվ Տիգրան Կարապետիչը չանցնի Սերժ Սարգսյանի հաճախորդների «քասթինգը», ապա չի բացառվում, որ իր քաղաքական «ստարտի» կոճակը հանձնի այն նույն մարդուն,  որի ձեռամբ ժամանակին սեղմվեց ԱԼՄ եթերի «ստարտի» կոճակը: Եթե ոմանք մոռացել են, հիշեցնենք. այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն է:




Լրահոս