ԼՈՒՐՋ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ինքնաթիռների՝ դեպի Եվրոպա թռիչքների արգելքը  վերացնելու ուղղությամբ լուրջ առաջընթաց կա.  Հայաստանի քաղաքացիական  ավիացիան Եվրոպական միության գործընկերների հետ իրականացրել է մեծածավալ աշխատանք: Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության կողմից արձանագրված 40-ից ավելի թերությունները վերջին երկու տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ շտկվել են:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը՝ ընդգծելով, որ արգելքի սահմանումից հետո  Քաղավիացիայի կոմիտեի եւ Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության միջեւ կնքվել է երկու տարվա աջակցության պայմանագիր, որի շրջանակում շուրջ երկու տարի Եվրոպական միության երկու փորձագետներ ամենօրյա աշխատանքներ են իրականացրել   ՀՀ քաղավիացիայի կոմիտեի այն  վարչություններում,  որտեղ արձանագրվել էին ամենամեծ անհամապատասխանությունները:

«Այն ավարտվեց նախորդ տարի՝ 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո ամփոփիչ քննարկումներ եղան Քյոլնում, այնուհետեւ՝ Երեւանում, որին ներկա էին Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի  եւ ոլորտի մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում  արձանագրվեց հսկայածավալ աշխատանքի կատարողական, որն իրականացվել է մեր եւ Եվրոպական միության կողմից:

Այս երկու տարիների ընթացքում  բոլոր կանոնները, օրենքները փոփոխելով՝ մենք հասել ենք այն կետին, որ առաջիկայում Եվրամիության  մեր գործընկերներին կկարողանանք ներկայացնել արդեն իսկ փոփոխված կանոններով եւ օրենքներով պատշաճ վերահսկողությունը, որը նույնպես մի փոքր ժամանակ կպահանջի»,- ասաց նա:

Փայասլյանը նշեց, որ քննարկմանը նաեւ արձանագրվել է, որ գրեթե ամեն ինչ պատրաստ է  առաջիկայում արգելքը վերացնելու գործընթացը սկսելու համար, սակայն դեռեւս կա որակավորված մասնագետների պակասը լրացնելու խնդիր, որին այս պահին քաղավիացիայի կոմիտեն դեռ բախվում է: Ըստ նրա՝ բոլոր գործընթացները եւ աշխատանքները  պատշաճ  իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան քանակի մասնագետներ, որակավորված տեսուչներ, որոնք շատ նեղ մասնագետներ են: Այս պահին կոմիտեի մասնագետների թիվը 50 տոկոսով պակաս է անհրաժեշտ քանակից:

«Այդ ուղղությամբ էլ կարող եմ նշել, որ կառավարության որոշման փոփոխությամբ 2023 թվականին կարողացանք ստեղծել երկու նոր բաժին, որը շատ կարեւոր էր այս գործընթացներն իրականացնելու եւ թերությունները վերացնելու համար: Ինչպես նաեւ փորձեցինք կարգավորել աշխատավարձերի հարցը, քանի որ այս տեսակետից մրցակցության արդյունքում մասնագետները նախընտրում են աշխատել ավելի բարձր աշխատավարձով ավիաընկերություններում, իսկ այս փոփոխության արդյունքում կկարողանանք լրացնել մասնագետների պակասը: Այս պահին էլ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում, մասնավորապես՝ կադրերի վերապատրաստում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»,-նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալը:

Փայասլյանը ուրախությամբ նշեց, որ նոր փոփոխության արդյունքում առաջին անգամ վերջին 3-4 տարիների ընթացքում Քաղավիացիայի կոմիտեից դուրս եկած եւ աշխատանքի ընդունված  մասնագետների բալանսը փոխվել է:

Անդրադառնալով դեպի Եվրամիության երկրներ թռիչքներ իրականացնելու արգելքի վերացման ժամկետներին՝ Փայասլյանը նշեց, որ հստակ ժամկետներ նշելը դեռեւս դժվար է, բայց այն բավականին մոտ է, քանի որ Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության կողմից արձանագրված 40-ից ավելի խախտումներն իրավական մասով փակված են:

«Մեզ այս պահին մնում է իրականացնել մի քանի կարեւոր վարչությունների անձնակազմերի համալրումը՝ հասցնելով այն  համապատասխան քանակի: Կոմիտեն իր քայլերով ամեն ինչ անում է, որ դա հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի: Այս հարցը լուծելուց հետո շատ կարճ ժամկետներում արդեն կդիմենք Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությանը՝ արգելքը վերացնելու նպատակով»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 4-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տարածեց հայտարարություն այն մասին, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության եւ ԵՄ մասնագետները փետրվարի 3-7-ը աուդիտ են իրականացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում եւ երկու հայկական ավիաընկերությունում։ Աուդիտի արդյունքում արձանագրվել են 40-ից ավելի թերություններ եւ խախտումներ:

 

 

 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ԱՐԱՐԱՏՈՒՄ

2023թ. Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան իրադրաձություններից հետո Արարատի մարզում բնակություն է հաստատել շուրջ 14 հազար բռնի տեղահանաված արցախցի:

 

Այս մասին ArmLur.am-ին տեղեկացրել են Արարատի մարզպետարանից: Անդրադառնալով արցախցիների զբաղվածությանը՝ մեզ փոխանցեցին, որ մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում աշխատանքի են անցել տարբեր մասնագիտությամբ 16 անձ: Միեւնույն ժամանակ հայտնեցին, որ մասնավոր զբաղվածության վերաբերյալ մարզպետի աշխատակազմում տեղեկատվություն առկա չէ: «Կառավարության կողմից աջակցություն են ստացել եւ շարունակում են ստանալ եւ՛ սննդի, եւ՛ անկողնային պարագաների, եւ՛ հիգիենայի պարագաների տեսքով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմց հաստատված ծրագրերով ֆինանսական աջակցություն: Մեր մարզի սպորտդահլիճներում եւ հյուրատներում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձինք չկան»,- հայտնեց մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Մարինե Ստեփանյանը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՊԵՍ ՉԵՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ

ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու եւ Վալենսիա համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները։

Նշենք, որ քաղաքապետարանի հաղորդմամբ՝ քանդման մասին նախօրոք տեղեկացվել էր բնակիչներին, սակայն, բնակիչների պնդմամբ, ոչինչ էլ նախօրոք չեն իմացել։

ArmLur.am-ը կապ հաստատեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ (որը եղել է դեպքի վայրում)՝ պարզելու համար՝ հարցին ինչ լուծում է տրվել։

«Իմ տեղեկություններով՝ այսօր հանդիպում է ունեցել քաղաքապետի տեղակալը, որոշ ներկայացուցիչներ հանդիպել են նաեւ բնակիչների հետ, դեռ ընթացքում է, բայց այն, ինչ հասցրեցին այդ օրը քանդել, քանդել են իհարկե»,- մեզ հետ զրույցում ասաց Աբգարյանը։

Աբգարյանի խոսքով՝ նա նաեւ տեղյակ է, որ այդտեղ եղել են ընտանիքներ, որոնք բնակվում էին եւ հիմա դարձել են անօթեւան, սակայն նրանց առաջարկվել են ժամանակավոր կացարաններ։

«Մի ընտանիքի առաջարկվել էր ապրանքները տեղադրել մանկապարտեզում։ Այդ մարդիկ, բնականաբանար, դժգոհ են, որովհետեւ դա հարցի լուծում չէ իրենց համար։ Քաղաքապետարանը մտադրություն է հայտնել, որ ամբողջը քանդելու է։ Այստեղ հարցը նրանում է, որ տեղի է ունեցել ոչ իրավաչափ վարչարարություն, այսինքն՝ մարդկանց չի տրվել խելամիտ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան ազատել տարածքը կամ գտնեն իրենց բնակության համար այլ վայր։ Այս գործողությունները առաջին օրը բարբարոսաբար իրականացվեցին, իրականացվեցին անապահով մարդկանց նկատմամբ, որոնք չէին կարող իրենց ապաստանել, եւ նույն ժամանակ, բնականաբար, տեսնելով դա՝ մյուսներն արդեն ժամանակ ունեին դիմելու դատարան, իսկ դա քաղաքացու իրավունքն է»,- ասաց Աբգարյանը։

Աբգարյանը նաեւ նշեց, որ տարածքները, որոնք քանդվեցին, մաքսիմալ չափով կանաչ տարածքներ են եղել, որոնք տեղի բնակիչները իրենց ձեռքով են ստեղծել՝ քարերից ու օձերից մաքրելով։

«Իսկ որտեղ մեծ շինություններ են, այդտեղ նրանք չմտան այդ օրը։ Սա, իհարկե, սարսափելի անարդար, ոչ իրավաչափ մոտեցում է քաղաքապետարանի կողմից»,- ասաց Աբգարյանը՝ եզրափակելով զրույցը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս