Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՔԱՎՈՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆՈՒՄ Է, ԲՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՆԳԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկաձորի «Պալլադա»-ն խնդիրներ ունի Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի հետ: «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը լուրջ շինարարական խնդիրների առաջ է կանգնած։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ նախորդ տարի՝ շինության հիմքը փորելիս, պարզվել է, որ շենքի նախատեսած հիմքում՝ մակերեսից 20 եւ ավելի մետր խորության վրա, գետ է հայտնաբերվել, որն էլ խաթարել է շինարարության ընթացքը: Բացի այդ՝ կան նաեւ սողանքներ: Հիշեցնենք, որ խոսքը մեծամասշտաբ շինարարության մասին է, որի գովազդը ամենուր պտտվում է, բայց, փաստորեն, շենքի կառուցումը լուրջ ռիսկերի առջեւ է: Ըստ «Հետք»-ի՝ ընկերության հիմնադիր բաժնետերերը չորսն են՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լեւան Չիկովանին եւ Էդգար Ավագյանը (բոլորը` 25-ական % բաժնեմասով)։ Մեկ տարի անց Կարեն Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձին՝ Գեղամ Կիրակոսյանին։ Հատկանշական է, որ «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ 25 տոկոս բաժնեմաս ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը` այն նույն անձը, որին 2016 թ.-ին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արարատբանկը», քանի որ բանկում 2012 թ.-ից Ավագյանը 28 հազար դոլարի վարկ է ունեցել, որը 2015-ից հետո պատշաճ չի մարել։ Սնանկացած քավորը երբեք շինարարական բիզնեսով չի զբաղվել, վերջին տվյալներով էլ այսօր աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում։ Այս արտոնյալ շինարարների խումբը, Ծաղկաձորում չունենալով շինթույլտվություն, արդեն իսկ սկսել է շինաշխատանքներ. հետո Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը տվել է նրանց շինթույլտվություն, որից հետո նոր՝ 2023 թվականի հունիսի 26-ին, Ծաղկաձոր համայնքում հանրային լսումներ են հրավիրվել շինթույլտվություն ստանալու համար: Այսինքն՝ օրենքի կոպիտ խախտում է աձանագրվել. պետք է գործընթացը հակառակ կողմից սկսվեր: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի թաղամասը, ստորգետնյա գետերի հետ կապված խնդրից բացի, եւս մեկ խնդիր ունի. ըստ հետազոտությունների՝ Ծաղկաձոր քաղաքի հողային շերտը ամբողջությամբ սողանքներ են, տեղի բնակչությունն ասում է՝ «մեր հողը լողացող է»։ Հենց սրա պատճառով հողի բարձր շերտի փլման վտանգ կա։ Այս սողանքներն են նաեւ պատճառը, որ ճաքճքել եւ թեքվել է Ծաղկաձոր մտնող ճանապարհը։ ArmLur.am-ը համալիրի տարածքում նկատեց, որ հենց այս պատճառով գրեթե 3 տարի ձգվող շինարարությունը հանրությանը զգալի արդյունքներ ցույց չի տալիս։

ArmLur.am-ը տեղում պարզեց, որ դեռ նախորդ տարվա ամռանը կայացած հանրային լսումներից հետո համալիրի շինարարությունում զգալի առաջընթաց չի գրանցվել: Մենք կապվեցինք «Նյու Սիթի Պրոջեկտս» կառուցապատող ընկերության հետ, որի նախագծերից մեկը հենց «Պալլադա Ծաղկաձոր-ն» է։ Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ տեղյակ են ստորգետնյա ջրերի մասին, ասելով. «Բոլորը գիտեն, որ Ծաղկաձորում ստորգետնյա ջրեր կան, այդ պատճառով մենք աշխատում ենք համապատասխան դրենաժներով։ Մեր աշխատանքներին հիմա ոչինչ չի խանգարում, այն բնականոն ընթանում է»։ Սողանքների վերաբերյալ նշեցին, որ ունեն համապատասխան երկրաբանական հետազոտության արդյունքները, եւ այդ տարածքում սողանքներ չկան։ Բայց, փաստն այն է, որ շինարարությունն այս ընթացքում էական արդյունք չի գրանցել։ Հավելենք նաեւ, որ այս համալիրը գնահատվել է 40-50 միլիոն դոլար։ Նկատենք, որ արտոնյալ շինարարներին իշխանությունն օգնում է. շինթույլտվությունը տալիս են շինաշխատանքները սկսելուց հետո, բայց բնությունը խանգարում է, քանի որ սողանքներն ու ստորգետնյա ջրերը արգելում կամ դժվարացնում են շինաշխատանքները, որոնք, ըստ նախագծի, ավարտվելու են 2027 թվականին. համենայնդեպս բնակարանները շահագործման են հանձնվելու 2027 թվականի սկզբին։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի փակ հանդիպումից։ Մասնավորապես՝ հանդիպման բուն թեման եղել է ԲԴԽ-ի կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը։ Խոսքը՝ «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ դատական դեպարտամենտը, մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար: Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար: «Հայաստան» խմբակցությունը բացատրություն է ուզել Կարեն Անդրեասյանից, իսկ վերջինս էլ դատական դեպարտամենտի պաշտոնական պարզաբանում է տվել, թե՝ ճնշվող դատավորի վրա ավելի շատ կարող են ազդել տարբեր քաղաքական շրջանակները կամ դրանց կողմից պարբերաբար իրականացվող լրատվական արշավները, քան բաց տվյալների օբյեկտիվ եւ լիովին օրինական մատուցումը: Անկախ որոշ հարձակումներից՝ դատական դեպարտամենտը չի պարտակելու ոչ մի կարեւոր տեղեկատվություն եւ նորացված մեթոդներով իրականացնելու է անհրաժեշտ հանրային իրազեկումները: Ի պատասխան Անդրեասյանի այս պարզաբանումներին՝ «Հայաստան» խմբակցության  պատգամավորները նրան  հարձակվողական հարցեր են տվել եւ պատասխաններ են ստացել, որ, միգուցե հանրությանը փորձեց խաբել, բայց իրենց չի խաբի, ու դա հատուկ կազմակերպված տեսանյութ է եղել։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

 

 

 

 

Հայաստանում  անհայտ ծագման ծխախոտի անօրինական վաճառքը նոր թափ է ստանում: Դարձյալ անանուն, առանց ակցիզի ծխախոտներ են վաճառվում արդեն օնլայն տիրույթում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Սակայն մեկ տարի անց էլ, փաստորեն, իրավիճակը չի շտկվել: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ վաճառքի ամենատարածված կայքերից մեկում՝ List.am-ում, անհայտ ծագման ծխախոտի վաճառքը շարունակվում է: List.am-ում տարածված լուսանկարից երեւում է, որ անհայտ ծագման ծխախոտը, որը, ի դեպ, տեղական արտադրման է, վաճառվում է մեկ բլոկը 2800 դրամով: Ներկայացված լուսանկարներում երեւում է նաեւ, որ ծխախոտի տուփի վրա չկա որեւէ մակնշում: Այսինքն՝ գնորդը չգիտի, թե ինչ է գնում, ինչ որակի, ում կողմից է արտադրված եւ այլն. միայն պարզ է, որ էժան է, ու ծխախոտի տուփ, եւ ոչ ավելին:




Լրահոս