Միացյալ Հայաստա՞ն, թե՞ Ռուսաստան. արձագանքում է Արցախը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ զրուցեց armlur.am-ը` վերջին օրերին  Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առաջարկի առնչությամբ:

Պրն Բաբայան, վերջին օրերին հայտնի մարդկանց կողմից հնչում է տեսակետ ՝ Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու մասին: Ի՞նչ է, նրանք հայտնում են Արցախի դիրքորոշո՞ւմը: Որևէ արձագանք ունե՞ք այդ առնչությամբ:

-Արձագանքը   հետևյալն է `  Արցախի ժողովուրդը իր ձայնը  տվել է  անկախ պետականությանը:  Աշխարհում հայության թիվը 10.000.000 է, Արցախի բնակչության թիվը 150.000 է, ՀՀ-ի բնակչության թիվը 3 մլն: Այսքանից հետո, մի քանի հոգու կարծիքը  լսելով, ասում են  չլինի Արցախը պետք է միանա այլ պետությանը: Ախր մենք միասին ենք չէ կառուցել Արցախը: Ինձ համար ցավալի է, որ բոլորը քննարկում են մեկ մարդու հայտարարությունը: Կամ մեկնաբանում են ՌԴ-ի մեկ այլ քաղաքական գործչի հայտարարությունը (նկատի ունի Ժիրինովսկուն-խմբ.), որն արտահայտել է իր  կարծիքը:  Ես չեմ հասկանում ՝ ինչո՞ւ պետք է  արձագանքենք:

-Բայց հաշվի առնելով այն, որ այդ մարդիկ ունեն որոշակի դերակատարություն կամ կշիռ: Օրինակ Նորատ Տեր Գրիգորյանցը…

-Իսկ այն զինվորները, որ սահման են պահում, կամ այն մայրերը, որոնք  երեխա են լույս աշխարհ  բերում,  կամ այն մարդիկ, որոնք  մահացել և թաղվել են այս հողում, դերակատարություն չունե՞ն:

Իհարկե ունեն:

Ահա, հետևաբար մեր անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեք են, որոնց համար  արյուն է թափվել: Մոտ ապագայում մեր տեսլականը չի փոխվելու, քանի որ օբյեկտիվ հիմքեր չկան: Միգուցե ապագայում որոշում կայացվի Միացյալ Հայաստանի, սա ուրիշ խնդիր է:

-Բայց  չարժե՞, որ ԼՂՀ –ը վերահաստատի իր դիրքորոշումն ու պաշտոնական հայտարարություն տարածի ` հակադարձելով  այս հայտարարությանը:

Վերջերս  նշվել է արցախյան շարժման տարեդարձը, որի ժամանակ ԼՂՀ նախագահը պաշտոնական ուղերձ է հղել, որի մեջ ամեն ինչ գրված է: Հո մենք չե՞նք կարող ամեն անձի հայտարարությունից հետո պետական մակարդակով ուղերձ հղել: Ի վերջո, սա պետություն է, իմիջի հարց ու հազար ու մի հարց կա, ինչի՞ մանրանանք: Դրանով մենք ցույց տանք, որ մեր պետությունը տհա՞ս է:

-Իսկ ըստ ձեզ `  ինչո՞ւ են  այդ մարդիկ նման հայտարարությամբ հանդես գալիս:

-Ես չգիտեմ, իրենցից հարցրեք, բայց եթե մեկն ասում է, դա չի նշանակում, որ  դա պետական մակարդակով արված հայտարարություն է: Այդ մարդն այդպես է մտածում:

-Պարզապես երբ գեներալ-լեյտենանտ է նման հայտարարություն անում…

– Իսկ մենք քանի գեներալ ունենք: Մենք 1000 ու մի խնդիր ունենք: Ի դեպ, ասեմ կան մարդիկ, որոնք սպասում են այդպիսի հայտարարությունների, որպեսզի սկսեն  լուրեր տարածել, որ հիշեցնեն իրենց մասին:

Սոնա Դավթյան

 

 




Լրահոս