«ԻՆՉՔԱՆ ՁԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԻԿ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ որդին` Սպարտակ Ղուկասյանը, Հակակոռուպցիոն դատարանում են եւ դատարանին դիմեցին իրենց դեմ հարուցված քրեական գործը չտեսանկարահանել, ինչն էլ դատարանը բավարարեց։

 

ArmLur.am-ը Վարդան Ղուկասյանին մի քանի հարցեր ուղղեց։

-Պարո՛ն Ղուկասյան, Դուք միշտ հավատավոր մարդ եք եղել, աղոթել եք, Աստծուն հավատացել եք, բայց, կարծես թե, միշտ կրիմինալ պատմությունների մեջ եք: Ո՞նց եք Ձեր մեջ համատեղում Աստծուն եւ կրիմինալը:

-Հիմա ասեմ. ուրեմն, կրիմինալ պատմությունների մեջ ընդհանրապես չեմ եղել, ուրեմն, այդ ձեր կառույցները, որ հիմա Ձեզ էլ ուղարկել են, ովքեր որ սարքել են այս ամեն ինչը, մշտական մեզ դիտավորյալ կապում են կրիմինալի հետ, որպեսզի իրենց հանցագործությունները թաքցնեն: Սա է:

-Պարո՛ն Ղուկասյան, մեզ որեւէ մեկը չի ուղարկել, մենք եկել ենք հատուկ Ձեր քրեական գործի ճշմարտացիությունը իմանալու եւ հասկանալու՝ արդյոք…

-Դե լավ եղե՛ք, լավ եղե՛ք…

-Հետաքրքի՞ր է առանց Ազգային ժողովի:

-Ես Ազգային ժողովում չեմ ծնվել, ի՞նչ է պատահել…Շատ լավ է, հանգիստ ապրում ենք մեզ համար: Ավելի հեռու. ինչքան ձեզանից հեռու, այնքան Աստծուն մոտիկ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

«ՆԻԿՈԼԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԶԱՌԱՆՑԱՆՔՆԵՐԸ»

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածն է հրապարակել, որը վերնագրել է՝ «Կոռումպացված դատարաններ, անպատիժ պաշտոնյաներ, ընտրովի արդարադատություն. Հայաստանը՝ FREEDOM HOUSE-ի զեկույցում»։

 

«Միջազգային իրավապաշտպան «FREEDOM HOUSE» կազմակերպության տարեկան զեկույցն աշխարհում ազատությունների մասին հայկական տիրույթում հիմնականում քննարկվեց իր արցախյան գնահատականներով, որոնք հստակ արձանագրում էին Ադրբեջանի հակահայկական, հակաժողովրդավարական պահվածքը: Եթե մենք ունենայինք գոնե մի քիչ ազգային եւ խելամիտ իշխանություններ, ապա արեւմտյան աշխարհում հեղինակություն վայելող այս կազմակերպության գնահատականները կարող էին ուժեղացնել հայկական դիվանագիտության զինանոցը…

Այս հոդվածով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ազատությունների եւ ժողովրդավարության մասին տարեկան գնահատականներին՝ ըստ FH-ի, որոնք թեպետ վկայում են մեր երկրում խայտառակ վիճակի մասին, մնացել են հանրային ուշադրությունից դուրս:

Եվ այսպես, ըստ հերթական զեկույցի՝ Հայաստանը կրկին դասվել է «մասնակի ազատ» երկրների խմբին՝ հօդս ցնդեցնելով նիկոլական ռեժիմի զառանցանքները «ժողովրդավարության բաստիոնի», փարոսի, անգամ լապտերների մասին:

Սակայն է՛լ ավելի աղաղակող, Փաշինյանի ստերը մերկացնող, երկրում հաստատվող ավտորիտարիզմի մասին փաստեր եւ գնահատականներ են բացահայտվում տվյալ զեկույցն ամբողջապես ուսումնասիրելու ընթացքում:

Այդ տվյալները լիարժեք ընկալելու համար պետք է հիշել, որ FH-ի զեկույցը գնահատում է ամեն երկրում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ ըստ հստակ ցուցանիշների՝ 0-ից մինչեւ 4 բալ:

Եվ այսպես, առաջին իսկ հարցադրումներով մերկացվում է Նիկոլի իշխանության հիմնական միֆերից մեկը՝ ազատ եւ արդար ընտրություններով ձեւավորելու հարցը: Ըստ միջազգային փորձագետների՝ «որքանո՞վ են Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունները ձեւավորվել հենց այդպիսի ընտրություններով» հարցերին Հայաստանը երկու պարագայում էլ ստացել է 4 առավելագույն բալից երկու բալ: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ անգամ FH-ի զեկույցով Փաշինյանի ռեժիմը կիսալեգիտիմ է:

Մեկ այլ հարցով՝ «արդյո՞ք ընտրված ղեկավարը եւ ԱԺ-ն են որոշում կառավարության քաղաքականությունը», Հայաստանը նորից ընդամենը 2 բալ ունի հնարավոր 4-ից՝ փաստելով, որ մեր երկրի կառավարումն ամբողջությամբ չի իրականացվում կառավարող մարմինների կողմից:

Հաջորդ հարցադրումներով ստացված գնահատականներն ապտակ են ռեժիմի հակակոռուպցիոն պայքարին: FH-ը փաստում է, որ Հայաստանում պաշտոնեական կոռուպցիայի դեմ պատնեշները հազվադեպ են քննվում, թեպետ առկա են հստակ ապացույցներ նրանց չարաշահումների մասին: Բաց եւ թափանցիկ գործելու ցուցանիշով Նիկոլի կառավարությունը նորից մի ճմրթած գնահատական է ստանում՝ 2-ը 4-ից, եւ նշվում են բազմաթիվ ահազանգեր լրագրողների եւ լրատվամիջոցների կողմից ինֆորմացիա ստանալու եւ տարածելու հարցում:

Սակայն, այս ամենը դեռ ծաղիկներն են: Ամենախայտառակ վիճակն արձանագրվում է Հայաստանի դատական իշխանությանը վերաբերող ցուցանիշներով: «Կա՞ անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական եւ քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ 4-ից: Միջազգային զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ «դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը, եւ դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների»,- նշված է հոդվածում։

 

 

 

ՊԱՇՏՊԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ դեռեւս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, մինչդեռ իր հետ մասնակցած մյուս քաղաքացիներն արդեն իսկ ստացել են համապատասխան գումարները։ ՄԻՊ-ից  հայտնում են, որ դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ դրամական հատուցումը ստանալու հարցում։ Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում Պաշտպանության նախարարությանն առաջարկվել է հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։

Արդյունքում վարժական հավաքի մասնակցության օրերի համար հասանելիք դրամական բավարարումն ամբողջությամբ փոխանցվել է քաղաքացու բանկային հաշվին, որից հետո դիմումատուն հաստատել է, որ գումարն արդեն ստացել է։ Պաշտպանը կարեւորում է Պաշտպանության նախարարության հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում դրական լուծում է ստացել քաղաքացու բարձրաձրած հերթական խնդիրը։

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ եւ հաջողություններ ու բարգավաճում մաղթել Բուլղարիայի ժողովրդին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ քաղաքական երկխոսության առկա մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության եւ մշակութային սերտ կապերի վրա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Կալին Անաստասովը նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջեւ համագործակցության շարունակական ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ բազմաշերտ փոխգործակցության առաջմղման նպատակով քայլերի ակտիվացման շուրջ հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության եւ գիտության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խթանման հեռանկարներին: Զրույցի ընթացքում կարեւորվել են երկու երկրների միջեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համաձայնագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային ընդհանուր իրադրության եւ զարգացումների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ուղիով հաղթահարելու եւ հարեւանների հետ հարաբերությունները բարիդրացիության սկզբունքների շուրջ ձեւավորելու կարեւորությունը:

 

 




Լրահոս