«ՆՎԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ. ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մատենադարանի թանգարանի ընծայաբերման սրահում տեղի ունեցավ «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին տարբեր տարիների Մատենադարանի խոշոր նվիրատուների ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի եւ հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

 

Հանդիսավոր ելույթում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ միջոցառումն ուներ առանձնահատուկ խորհուրդ։ 65 տարի առաջ՝ նույն օրը, Մատենադարանը ստացավ գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ, ինչի շնորհիվ պետականորեն ու մասնագիտորեն ամրագրվեցին Մատենադարանի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք անփոփոխ են մինչ օրս։

«Դրանք են ձեռագրական ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը, մանրաժապավենների ստեղծումը, ձեռագրերի գիտական նկարագրությունն ու ցուցակագրումը, հրատարակչական, թարգմանական ու լայն իմաստով նաեւ հանրահռչակման աշխատանքները։ Այստեղ գործադրվեցին հայագիտության դասական սկզբունքները, այնուհետեւ նորոգվեցին՝ ըստ ժամանակի գիտական հրամայականի»,-նշեց Խզմալյանը։

Նրա դիտարկմամբ՝ հայ մարդու հավաքչականությունը բոլոր ժամանակներում եղել է առաքելություն, եւ Մատենադարանը հենց այդ բնազդի խորհրդանիշն է, քանի որ ձեռագրերի հետեւում մարդկային ճակատագրեր են ու բարոյական սխրանքի պատմություններ։ Խզմալյանը երախտիքի խոսք ուղղեց բոլոր ազգանվեր անձանց, ովքեր տարբեր տարիներին իրենց անգնահատելի նվիրաբերություններով հարստացրել են Մատենադարանի հավաքածուն, համալրել նրա մեծարժեք պահոցը։

«Ձեռագրերը ներծծված են ոչ միայն աստվածաշունչ խոսքով ու աղոթքով, այլեւ մարդկային ապրումներով ու կենսագրությամբ, որ մատյաններին հաղորդում են թրթիռն ու էներգետիկ լիցքը, ինչին ծանոթ են ձեռագրերի հետ գործ ունեցող մարդիկ, վերականգնող մասնագետները։ Մատենադարանի ձեռագիր հավաքածուն արտացոլումն է մեր հավաքական պատմության, որի հետքերն առկա են ֆիզիկական որոշակիությամբ։ Մատենադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն է մեր նախնիների սխրանքի, երաշխիքը հավաքական հիշողության։ Ձեռագրերի նվիրաբերումը տարիների հետ վերաճել է հայության գոյահաստատման յուրահատուկ ակտի, դարձել hայրենիքի եւ սփյուռքի միասնականության հենք ու գրավական»,- ասաց տնօրենը։

Խզմալյանը տեղեկացրեց, որ բարերաները հետայսու կազմելու են Մատենադարանի տեղեկատվական քաղաքականության առանցքը եւ առաջիկայում շատ են լինելու անդրադարձները նվիրական անուններին։ Մատենադարանն այս տարի նախատեսում է հատուկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն վերջին մեկ տարվա արժեքավոր ձեռագրական համալրումները։ Տնօրենի պնդմամբ՝ Մատենադարան մուտք գործած յուրաքանչյուր ձեռագիր հայտնվում է պրոֆեսիոնալ խնամքի եւ հոգածության հավիտենական դաշտում։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ բարերար Վահե Բադալյանի կողմից Մատենադարանին մեծարժեք ձեռագրի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ նվիրատուի համար սահմանվել էր «Մատենադարանի բարերար» ոսկե մեդալը, եւ քանի որ Վահե Բադալյանը գտնվում էր գործուղման մեջ, ուստի Հովհաննես Երեցի ընդօրինակած ավետարանը, որը գրվել է 1454 թվականին Բաղեշի Մզուք գյուղում, Մատենադարանին ընծայեց բարերարի որդին՝ հայտնելով, որ Բադալյանների ընտանիքն այդ արժեքավոր ավետարանը ձեռք էր բերել մասնավոր աճուրդում։ Նա հավելեց, որ Բադալյանների համար մեծ պատիվ է Մատենադարանի հավաքածուի համալրման գործում ներդրում ունենալը, իսկ ոսկե մեդալն ու հատուկ պատվոգիրը խիստ պարտավորեցնող են։

 

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Երեւանի թափոնների տեսակավորման ծրագիրն ընդլայնվում է։ Առաջիկայում մայրաքաղաքի շուրջ 300 հասցեում կտեղադրվի 930 նոր թափոնաման։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ նոր թափոնամանները հնարավորություն կտան տեսակավորել թուղթը, ստվարաթուղթը, ապակին, պլաստմասե իրերը։ Այս ամենին գումարվելու է նաեւ ալյումինի հավաքագրման թափոնամանը։

 

«Արդեն նոր թափոնամանները Երեւանում են եւ մարտի կեսերից կսկսվեն տեղադրման աշխատանքները։ Ստացել ենք նաեւ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, որով իրականացվելու է ապակյա շշերի թափոնների տեղափոխումը։ Փորձը ցույց էր տալիս, որ ապակյա շշերի գողության դեպքեր են լինում։ Հիմա այս նոր թափոնամանի պարագայում դա կբացառվի, որովհետեւ շիշը նետելու պարագայում դա հնարավոր չի լինի դուրս հանել»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Պատասխանատուները վստահեցնում են, որ նոր թափոնամանների քանակը բավարար կլինի մայրաքաղաքում աղբի տեսակավորման համար։

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ բնակիչները դրական են արձագանքում։ Նաեւ նրանց ջանքերի շնորհիվ տարեկան նկատելի քանակով թափոն չի հայտնվել աղբավայրերում եւ ուղարկվել է վերամշակման։

«Դինամիկան զգացվում է։ Մեկ ցուցանիշ նշեմ՝ 2020 թվականին տարեկան 300 տոննա թուղթ է հավաքվել, հիմա մենք կրկնակի ցուցանիշ ենք արձանագրել։ Կարող ենք ասել, որ տարեկան 600 տոննա ստվարաթուղթ, 30 տոննա պլաստիկ չի հայտնվել աղբավայրում»,-ասաց Արմեն Շեխոյանը։ Նա կարեւորեց իրազեկման աշխատանքներն ու կրթական ծրագրերը։ Արդեն դպրոցներում իրականացվում է թափոնամանների սպասարկում։ Տեղադրվել են ստվարաթղթի, թղթի, պլաստիկի համար նախատեսված թափոնամաններ։

«Այս ամենը նպաստում է դպրոցներում թափոնների տեսակավորման վարքագծի ձեւավորմանը։ Իհարկե, այդ վարքագիծը կատարելագործելու տեղ կա, որովհետեւ հաճախ շփոթում են, ու տեսակավորումը ոչ միշտ է ճիշտ արվում, սակայն պետք է հաշվի առնել, որ նախնական փուլում են, եւ դեռ այդ վարքագիծը կկատարելագործվի»,-ասաց Արմեն Շեխոյանը։

Երեւանում թափոնների տեսակավորման ծրագրի ընդլայնմամբ ակնկալվում է, որ հավաքագրված ծավալներն ավելանալու են։ Դա ենթադրում է, որ թափոնների վերամշակման հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտություն կա։ Այս առնչությամբ Արմեն Բեգոյանը հավելեց, որ շշերի, թղթի, ապակու մասով վերամշակման հարցում խնդիրներ չեն տեսնում։ Խնդիրներ կան պլաստիկի վերամշակման ծավալների հետ կապված, որոնք ավելացնելու անհրաժեշտություն կա։

 

 

 

ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՈՐՈԳՎԻ՞

Ավելի քան չորս  տարի է, ինչ   Իջեւան -Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ, համեմատաբար ապահով ճանապարհին կառուցված, ճանապարհի դիմացի բարձունքներում տեղակայված ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանող  մեծ երկարությամբ պաշտպանիչ պատի մի մասը քանդված է։ Անցած տարիներին պետական բյուջեից  սահմանագոտում ավտոմեքենաների երթեւեկի անվտանգությունն  ապահովող  պատի քանդված հատվածի վերանորոգման համար  գումար չի հատկացվել։ Եթե սահմանագոտու այդ հատվածում իրավիճակը լարվի, ադրբեջանական զինուժը  հրաձգային կամ հրետանային կրակ բացի, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի վերոհիշյալ հատվածով անցնող  ավտոմեքենաները եւ դրանցում գտնվողներն  ազերի զինյալների համար դառնալու են անպաշտպան թիրախներ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝  հարցնելով, թե  սահմանագոտում երթեւեկության անվտանգությունն ապահովող պատի քանդված հատվածի վերականգնումը երբ է կատարվելու։ Մարզպետարանի պատասխանում նշված է. «Գաբիոնե  պատի  վերականգնումը նախատեսված է  ՀՀ  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության « Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվիրատվությամբ  2024 թվականին իրականացվելիք՝ Հ 37/Մ-4/ – Այգեհովիտ – Վազաշեն- Պառավաքար Այգեպար  հանրապետական  նշանակության  ավտոճանապարհի կմ 0+000-կմ 17+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում»։

 

 

ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԸ՝ 6427 ՀԱ

Տավուշի մարզպետարանի  տեղեկություններով՝   մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը,  ըստ հողային հաշվեկշռի, կազմում են 110 665,6 հեկտար, որից վարելահող՝ 25 485,3 հեկտար, բազմամյա  տնկարկներ՝ 1981,8 հեկտար, այդ թվում՝ խաղողի այգիներ՝ 1195,3 հեկտար, պտղատու այգիներ՝ 786,5 հեկտար, խոտհարքներ՝ 9400,6 հեկտար, արոտավայրեր՝ 63 006 հեկտար,այլ՝ 10791,8 հեկտար։ Տավուշ մարզի ոռոգելի հողատարածքները 2023 թվականին ավելացել են շուրջ  140 հեկտարով, իսկ 2024 թվականին ոռոգելի հողատարածքները կավելանան 200 հեկտարով։ Մարզի ընդհանուր ոռոգելի հողատարածքները, ըստ հողային հաշվետվության, կազմում են 6427 հա, որից տնամերձերը՝ 1216 հա: 2017թվականին գոյություն ուներ պետական բյուջեի միջոցներով Կողբի եւ Հախումի ջրամբարների շինարարության ծրագիր, նախատեսվում էր սահմանամերձ տարածքներում կառուցվելիք  այդ ջրամբարներում կուտակել  ընդհանուր առմամբ 2 միլիոն խորանարդ մետր ջուր։ Այդ ջրամբարները չկառուցվեցին, 2018թ.-ի իշխանափոխությունից հետո Տավուշում ոչ մի ջրամբար չի  չկառուցվել։ Տավուշի  տարածքով հոսող  գետերը՝ Աղստեւը, Ոսկեպարը, Հախումը, Քարահանը  եւ այլն, հոսում են Ադրբեջան, այնտեղ կուտակվում ջրամբարներում, ոռոգում այդ երկրի հողատարածքները, այգիները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս