ԱՆԳԼԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար:

 

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Փոլ Մորիսը, Բրիտանական խորհրդի անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլին:

Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել Երեւանի եւ ՀՀ մարզերի՝ անգլերեն դասավանդող ավելի քան 800 ուսուցիչներ. հայտատուների շուրջ 50%-ը ՀՀ մարզերից է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար: Նա ընդգծել է, որ պետության համար ամենաառանցքային հարցերից է ուսուցիչների հանդեպ վարվող քաղաքականությունը՝ ապահովելու նրանց անհրաժեշտ պայմաններով, արժանապատիվ վարձատրությամբ եւ աջակցող գործիքներով արդյունավետ վերապատրաստումների միջոցով:

«Տարիներ շարունակ պետությունը որոշակի ֆինանսավորում է հատկացրել վերապատրաստումների համար՝ փորձելով խրախուսել ուսուցիչների մասնագիտական զարգացումը: Այսօր ավելի քան հասունացել է այդ համակարգը փոխելու հրամայականը. չեն կարող բոլոր ուսուցիչներն անցնել նույն վերապատրաստման համակարգով, քանի որ դա արդյունավետ չէ ո՛չ ուսուցիչների, ո՛չ պետության համար,- ասել է նախարարը եւ նշել, որ դրական արդյունքը պահանջում է միասնական ջանքեր:- Առաջին հերթին դուք պետք է մեզ հուշեք, թե որ ուղղություններով աջակցության կարիք ունեք, եւ մենք՝ որպես պետություն, պետք է մշակենք մեխանիզմներ եւ գործիքներ՝ ուսուցչին տրամադրելու իր կարիքին համապատասխան աջակցություն»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում կներդրվի մասնագիտական զարգացման նոր համակարգ, որի առաջամարտիկները անգլերեն դասավանդող ուսուցիչներն են լինելու:

«Շատ ոգեւորող է ձեզ այստեղ տեսնելը, ինչը ցույց է տալիս ձեր վերաբերմունքն ու սրտացավությունն աշխատանքի նկատմամբ: Այս համաժողովին ձեր ներկայությամբ դուք հնարավորություն ունեք ծանոթանալու միմյանց փորձառությանը, լսելու հաջող նախաձեռնությունների մասին եւ միասին քննարկելու, թե ինչպես դրանք կարող եք կիրառել ձեր հետագա աշխատանքում: Կրթությունն ու իրենց աշխատանքը կարեւորող այսքան մանկավարժների ներկայությունը վստահություն է ներշնչում, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ չհաջողելու հնարավորություն պարզապես չունենք»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդի գործընկերներին, որոնց հետեւողական աջակցությամբ ու համագործակցությամբ մշակվել է մասնագիտական աջակցության նոր հայեցակարգ: Այն, ըստ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանի, հնարավորինս հարմարեցված է կրթական ոլորտի նոր պահանջներին ու կարիքներին, լայն հնարավորություն է տալիս համակարգված իրականացնել մասնագիտական զարգացման աշխատանքներ ոչ միայն անգլերեն, այլեւ մյուս առարկաներ դասավանդող ուսուցիչներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հատկապես շեշտադրելով ուսուցիչների մասնագիտական զարգացման մեխանիզմները, անդրադառնալով հերթական եւ կամավոր ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը:

«Շատ կարեւոր է այնպես փոխկապակցել հերթական եւ կամավոր ատեստավորման, տարակարգի շնորհման գործընթացները, որպեսզի դրանք միմյանց փոխլրացնեն: Անդրադառնալով տարակարգի շնորհմանը՝ պետք է ընդգծել, որ այն նախեւառաջ ուսուցչի մանակավարժական հմտությունների մասին է, ինչը միայն փաստաթղթերով հնարավոր չէ որոշել: Դրանք պետք է այնքան ինֆորմատիվ լինեն, որ գնահատող հանձնաժողովը կարողանա հասկանալ՝ ուսուցիչը գիտի արդյոք դասը ճիշտ պլանավորել, կոնկրետ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, թե ոչ: Հերթական ատեստավորման համակարգում առանձնացվել է մասնագիտական զարգացման 4 մակարդակ. յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է գնահատելու իր կարիքը՝ ինքնագնահատման թերթիկը լրացնելով: Գնահատում իրականացնելու է նաեւ տնօրենը, եւ ստանալու ենք այն պատկերը, թե որ մակարդակում եւ ինչ մոդուլով է վերապատրաստվելու ուսուցիչը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ հերթական վերապատրաստման 5-ամյա ժամկետը հանվել է. սկսնակ ուսուցիչները մեկ տարվա ընթացքում պարտադիր պետք է վերապատրաստվեն: Երկրորդ մակարդակի համար սահմանվել է 3 տարի, երրորդ եւ չորրորդ մակարդակների համար՝ 5 տարի:

«Այս գործընթացը, որում շեշտվում են մեթոդական կարողությունները, ուղղակիորեն կապվելու է կամավոր ատեստավորման հետ, որն էլ ստուգում է ուսուցչի մասնագիտական գիտելիքը: Ուսուցիչը որպես կարիք կարող է նշել առարկայական գիտելիքի վերապատրաստումը, որից հետո կմասնակցի կամավոր ատեստավորմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը եւ հավելել, որ աշխատանքներ են տարվում՝ կրճատելու տարակարգի շնորհման անհրաժեշտ փաթեթը: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ հերթական եւ կամավոր ատեստավորումների, տարակարգի շնորհման գործընթացներն ուղիղ փոխկապակցված են վարձատրության մեխանիզմի հետ, որն արդեն իսկ գործակվում է:

Երկօրյա համաժողովի ընթացքում պանելային հանդիպումներով քննարկվելու են մի շարք թեմաներ՝ անգլերենի զարգացման հեռանկարները, դասարաններում միջմշակութային հաղորդակցության զարգացումը, բառամթերքի հարստացմանն ուղղված մեթոդները, SMART նախագծերի ներառումը դասընթացում, լսումների արդյունավետության բարձրացում, ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման համաշխարհային եւ տեղական փորձի ուսումնասիրում եւ այլն:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ հայտ է ներկայացրել հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը Երեւանում հյուրընկալելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ Հայաստանի հայտը ներկայացրել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հունգարիայի Դյոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնության շրջանակում՝ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ բացի Հայաստանից, 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաեւ Բուլղարիան: Երեւանի եւ Վառնայի նախնական հայտերի ներկայացումից հետո Հրաձգության միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել երեք հոգանոց աշխատանքային հանձնաժողով ձեւավորել, որը կայցելի մրցավայրեր՝ պայմաններին եւ ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:

ԵԱ-ի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի 2024 թվականի մայիսին:

 

 

 

 

ԶԱՎԹԱԾԸ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը մարտի 4-ին հանդիպել է Լվովյան փողոցի բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի տեղակալն այս հանդիպման հետ կապված մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երեւանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:

Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:

Մենք ընդլայնված կազմով եւս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,- գրել է Փամբուխչյանը:

Օրեր առաջ Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը եւ դրանցում առկա անօրինական շինությունները: Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երեւանցիներին վերադարձնելու քաղաքականություն:




Լրահոս