Հայաստանի նկարիչների միության «Գարնանային սալոն 2024» ցուցահանդեսում ներկայացված են վաստակաշատ եւ երիտասարդ նկարիչների վառ եւ գունեղ կտավներ, խորհրդավոր քանդակներ եւ արվեստի այլ հետաքրքիր նմուշներ, որոնք ստիպում են ժպտալ, զարմանալ, հիանալ եւ խորհել աշխարհի շուրջ:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ավանդական դարձած ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին:
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ ցուցադրությունում ներառվել են միայն միության անդամների ստեղծագործությունները: «Ընդգրկված է 150-ից ավելի աշխատանք: Ամեն հեղինակ մի գործ է ցուցադրում: Ներկայացված են գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական գործեր, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ»,- հայտնեց Սաֆարյանը:
Ստեղծագործությունները չունեն հատուկ թեմատիկա. յուրաքանչյուր նկարիչ ներկայացրել է այն գործը, որը ցանկացել է: Արվեստի բազմաժանր գործերը տեղ են գտել միության Արա Սարգսյանի եւ Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահներում: Շրջելով՝ փաստում ենք, որ քիչ չեն նաեւ կին ստեղծագործողների աշխատանքները: Սուրեն Սաֆարյանը կատակով նշում է՝ գուցե դա պայմանավորված է գարնանամուտով:
Երիտասարդ նկարչուհի Մանե Մակյանը, ավարտելով Գեղարվեստի պետական ակադեմիան, որպես լավագույն դիպլոմային աշխատանքի հեղինակ, դարձել է միության անդամ: Նա ցուցադրել է «Վերականգնման արվեստանոց» ստեղծագործությունը, որն իր աշխատանքի մի մասն է միայն: «Աշխատանքն ասես պահարանի մեջ լինի, քանի որ ինձ դուր է գալիս նոր կոնստրուկցիաներ մտածելը»,- նշում է նկարչուհին, որին ոգեշնչում են մարդկանց հետ զրույցները, հետաքրքիր թեմաները: Միայն նկարում է այն, ինչն իրեն հուզում է՝ լավ եղանակը, լավ տրամադրությունը: Միամիտ արտասանված բառերը Մակյանի համար կարող են բանալի դառնալ, որի շուրջ նա ստեղծագործելու է:
Գեղանկարիչ Դավիթ Դավթյանի համար նշանակություն չունի՝ իր կտավները կցուցադրվեն «Գարնանային սալոն»-ում, թե այլ ցուցահանդեսում: Նկարիչը կարեւորում է բարձրակարգ ցուցահանդեսների կազմակերպումը, որտեղ հնարավոր է տեսնել գործընկերների աշխատանքները, որոշ դիտարկումներ անել, համեմատել, ցուցահանդեսներ, որոնք կարող են արժեհամակարգ ձեւավորել կամ փոխել:
Նա ներկայացրել է «Արեւոտ օր» կտավը, որում հիասքանչ կանայք են: «Ցանկացա ցուցադրել մի գործ, որը համահունչ կլինի այս օրվան: Կտավում դինամիկա կա. արեւոտ օր է, բայց կանանց մեջ ներքին տագնապ կա: Այդ երկուսի համադրությունն եմ ստեղծել: Փորձել եմ կանանց գեղեցկությունն ու լույսի համադրությունն այդ դինամիկայի միջոցով ներկայացնել»,- շեշտում է Դավթյանը:
Ըստ նկարչի՝ կանայք բոլորին են ոգեւորում, եւ առանց կանանց ապրելն անիմաստ է դառնում: «Ամեն բանից կարող ես ոգեւորվել, բայց բնության ամենագեղեցիկ էակը կինն է: Հիշեք Վելասկեսին, Ռուբենսին, Ռենուարին: Նրանք գեր կանանց են պատկերել, բայց ինչ գեղեցկություն է. ոչ մի ժուռնալային բան չկա, ոչ մի ավելորդ բան չկա: Կինը համար առաջին ոգեւորողն է»,- եզրափակում է Դավիթ Դավթյանը:
Հարութ Հովհարի «Արարում» կտավի հերոսներն իրական մարդիկ են, հեղինակի ընկերներն են: «Երազ» շարքից հետո «Արարում» շարքի վրա է աշխատում, որում իր գլխավոր հերոսների գերնպատակը միայն ու միայն սիրուն ու գեղեցկությանն առնչվելն է ամեն օր ու ամեն ժամ:
«Արարում» կտավը, որն ընդգրկված է ցուցահանդեսում, նախորդ տարի մասնակցել է միջազգային մրցույթի եւ, հայտնվելով եզրափակիչում, ներկայացվել է Ֆլորենցիայում:
ՌԻՇԱՐ ԳԱԼԻԱՆՈՆ՝ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ
Մեր ժամանակների լավագույն ակորդեոնահարներից Ռիշար Գալիանոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Համերգը տեղի կունենա կանանց տոնին՝ մարտի 8-ին, իսկ մարտի 9-ին կլինի ջազային երեկո: Համերգները կանցկացվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մարտի 8-ի ծրագրում կհնչեն Պիացոլլայի եւ Գալիանոյի ստեղծագործությունները` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իսկ մարտի 9-ին կայանալիք ջազային երաժշտության երեկոյին Գալիանոյի հետ բեմում կլինեն Սամվել Գասպարյանը (դաշնամուր), Դանիել Մելքոնյանը (շեփորահար), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) եւ Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):
Գալիանոն վիրտուոզ ակորդեոնահար, բանդոնեոնահար եւ կոմպոզիտոր է: Նա հանդես է գալիս երաժշտական բոլոր ժանրերում՝ դասականից մինչեւ ջազ: Մեր օրերի միակ ակորդեոնահարն է, որին ձայնագրել է հեղինակավոր «Deutsche Grammophon» ընկերությունը: Գալիանոն ձայնագրել է 70 ալբոմ՝ համագործակցելով լավագույն արտիստների ու երաժշտախմբերի հետ:
Նրա մասին ասում են. «Գալիանոն փոխեց ակորդեոնի պատմության ընթացքը»: Գալիանոն իր մասին ասում է. «Ես ցանկացել եմ ակորդեոնը, որին անարդարացիորեն անվանում են «աղքատների դաշնամուր», ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին, չնայած միշտ նվագել եմ «Steinway»-ի վրա»:
Ռիշար Գալիանոն իր փոքրիկ գյուղից դուրս եկավ ու այդ նպատակով մեկնեց Փարիզ: Գալիանոյին հավատացին ու նրա հետ համագործակցեցին մեր ժամանակների լավագույն երաժիշտները: Աստոր Պիացոլլայի հետ նա սկսեց սերտորեն աշխատել 80-ականների սկզբին: Նրանց համագործակցությունը վերածվեց մտերիմ ընկերության: 2010-2016 թվականներին հեղինակավոր «Deutsche Grammophon» ձայնագրման ընկերության կողմից հրատարակվեցին Գալիանոյի «Բախ», «Վիվալդի», «Նինո Ռոտա» եւ «Մոցարտ» ալբոմները: Ակորդեոնը մի շարք երկրներում համարվում է ազգային գործիք: Այն առկա է Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բալկանների ժողովրդական երաժշտության մեջ:
«Համերգները, որոնք ես տալիս եմ 50 տարի շարունակ աշխարհի հինգ մայրցամաքներում, պատմում են արտիստի կյանքի մասին, այն տղայի անցած ճանապարհի, որ ոգեշնչված է երաժշտության հանդեպ մեծ կրքով, եւ ես հրավիրում եմ ձեզ կիսել այդ կիրքն ինձ հետ համերգի ժամանակ»,-ասում է Ռիշար Գալիանոն:
ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ հայտ է ներկայացրել հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը Երեւանում հյուրընկալելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ Հայաստանի հայտը ներկայացրել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հունգարիայի Դյոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնության շրջանակում՝ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ բացի Հայաստանից, 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաեւ Բուլղարիան: Երեւանի եւ Վառնայի նախնական հայտերի ներկայացումից հետո Հրաձգության միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել երեք հոգանոց աշխատանքային հանձնաժողով ձեւավորել, որը կայցելի մրցավայրեր պայմաններին եւ ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով: ԵԱ-ի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի 2024 թվականի մայիսին:
ՍԿՍԵԼ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` անցկացված 2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն 10 շախմատիստներ, այդ թվում՝ գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը եւ Հովիկ Հայրապետյանը։ Երկրորդ խաղափուլում Հովիկ Հայրապետյանը հաղթել է 2609 վարկանիշ ունեցող ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանն ունեն 1.5 միավոր: Ավելի վաղ միջազգային վարպետ Արսեն Դավթյանն առաջին խաղափուլում հաղթել էր իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբային, ով 2696 կետ վարկանիշով չորրորդ վարկանիշ ունեցող մասնակիցն է: Երկրորդ խաղափուլում նա պարտվել է միջազգային վարպետ Մաքսիմ Ծառուկին եւ այժմ ունի 1 միավոր:
ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ»-ԲԿՄԱ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկին ազդարարվեց Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Պրեմիեր լիգայի այս տուրի նախավերջին խաղում «Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Արարատ»-ի միակ եւ հաղթական գնդակը խփեց Ռանսոնը խաղի 56-րդ րոպեին: Այս խաղից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն` 7-րդը: 23-րդ տուրը կեզրափակվի «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղով, որը կկայանա փետրվարի 4-ին: