Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։
Ըստ հաղորդագրության՝ ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվել, հաստատվել և իրացվել է մարտի 13-ին:
«Վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ, ժամը 12.30-ին նրանց հայտնաբերեցին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում: Ձերբակալելու պահին տղամարդը դիմեց փախուստի, ինչը, սակայն, կարճ տևեց:
Կենտրոնական բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար կապույտ և կարմիր գույնի կպչուն ժապավենի 10 փաթեթ` մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Ընդհանուր քաշը 9,18 գրամ էր: Հայտնաբերվեցին նաև նույն թմրամիջոցի նմանվող մոտ մեկ գրամ զանգվածով փաթեթ ու գաղտնի փականով դանակ։
Կնոջ խուզարկության արդյունքն ավելի տպավորիչ էր. հայտնաբերվեցին տարբեր գույնի կպչուն ժապավենով 114 փաթեթ` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր մոտ 93 գրամ քաշով, մոտ 127 գրամ նույն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, ևս մեկ տոպրակ` ավելի քան 4 գրամ քաշով: Հայտնաբերվել են նաև զիպ փականով 193 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 50 գրամ քաշով, դեղնականաչավուն հետքերով երկու աղաց, նույն հետքերով էլեկտրական կշեռք, երկու տարա, սուրճի երկու տոպրակ, դատարկ տոպրակներ ու կպչուն ժապավեններ։
Երկուսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: