Նկարիչների միության նախագահի ընտրություններից առաջ շատ խոսվեց նկարիչների Շորժայի հանգստյան տան անմխիթար վիճակի մասին:
Armlur.am լրատվականի թղթակիցը նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանից պարզեց ` հնարավո՞ր է հովանավորներ գտնել հանգստյան տունը վերանորոգելու համար:
Կարեն Աղամյանն ասաց, որ ոչ մի հովանավոր հենց այնպես ուրիշի համար գործ չի անում: «Իհարկե, փնտրել ենք, բայց չենք գտել»,- ասաց միության նախագահը:
Աղամյանը տեղեկացրեց, որ Սևանա լճի ջուրն այնքան է բարձրացել (որի համար իրենք ուրախ են), որ հանգստյան տան առաջին հարկերն անցել են ջրի տակ:
«Փրկելու հարց էլ չկա, 2-րդ հարկն էլ մի կերպ օգտագործում ենք»,- տեղեկացրեց Կարեն Աղամյանը ` հավելելով, որ իրենք 1-2 տարի առաջ դիմել են նաև ՀՀ կառավարությանը ջրի տակ անցած հարկերի համար փոխհատուցում ստանալու համար, սակայն դեռ պատասխան չկա:
Ի դեպ, նման վիճակում են հայտնվել նաև հանգստյան այլ տներ: «Եթե կառավարությունը լուծում գտնի, մենք էլ կօգտվենք»,- ասաց Կարեն Աղամյանը:
Չնայած հանգստյան տան անմխիթար վիճակին, նկարիչները ամռանը մոտ երկու ամիս (մեկ անձը 2000-4000 դրամ) հանգստանում են այնտեղ: «Սակայն հավաքվող գումարը բավական չէ, որ հանգստյան տունը լիովին վերականգնվի: Մենք ունենք 100 տեղանոց հանգստյան տուն, որի վարձակալումից հավաքվում է 4-5 մլն դրամ, որը բավարար է միայն տան ծախսերի համար: Եկամուտ համարյա թե չկա»,- եզրափակեց Աղամյանը: